Հայաստանն անօդաչու թռչող սարքեր կտրամադրի Դանիային

Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանն անօդաչու թռչող սարքեր է արտահանելու Դանիա։

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ

Պարոն Վարդանյանը մանրամասնել է, որ 2013-ի հունիսին Հայաստանում «Արմռոբոտիքս» առաջնության շրջանակներում իրենց միությունը երկրում առաջին անգամ ԱԹՍ-ների մրցույթ է անցկացրել։ Մրցույթին ներկայացվել են անօդաչու սարքեր, որոնք ունակ են հետազոտել տվյալ տարածքը, կանխորոշել տարբերիչ նշանները, առցանց ռեժիմով փոխանցել պատկերները, նետել ավելի քան 300 գ կշռող բեռներ, վերադառնալ մեկնարկի կետ։ Դրանց մի մասի թռիքչն ու վայրէջքը կարող է իրականացվել ինչպես ինքնակառավարման, այնպես էլ հեռակառավարման օգնությամբ։

Կարեն Վարդանյանն ընդգծել է, որ Դանիայի հետ նախնական պայմանավորվածությամբ ամսական արտադրվելու է 10 միավոր ԱԹՍ։ Ծրագրվում է, որ Դանիան դրանք կկիրառի գյուղատնտեսական հետազոտությունների և ցանքատարածությունների օդային նկարահանման համար։

«Դա Հայաստանի համար մեծ քայլ է, ինչը թույլ կտա դուրս գալ անօդաչուների միջազգային շուկա՝ դառնալով անդրանիկ քայլն այս ուղղության զարգացման նպատակով արտերկրյա գործընկերներ փնտրելու ճանապարհին»,_վստահեցրել է միության գործադիր տնօրենը։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արտադվող ԱԹՍ-ները կարող են օգտագործվել պաշտպանական նպատակներով ևս, օրինակ՝ ավտոճանապարհների համայնապատկերային տեսանկարահանման համար։

Պարոն Վարդանյանի խոսքերով՝ ուղղության զարգացման համար իրենց միությունը վերապատրաստում է դպրոցականներին ռոբոտային տեխնիկայի բնագավառում։ Արդեն իսկ գործում է թվով 55 խմբակ, որտեղ նորարարական տեխնոլոգիաների գծով վերապատրաստում են անցնում ոչ միայն ավագ դպրոցի, այլև 5-10-րդ դասարանների աշակերտները։

Հիշեցնենք, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000-ին՝ այս ուղղության կազմակերպությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտում հետազոտություններին աջակցելու նպատակով։ Ներկա դրությամբ միության կազմում կան տասնյակ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

Հավելենք, որ Հայաստանում արտադրվում են նաև ռազմական նշանակության «Կռունկ» և «Բազե» անօդաչու թռչող սարքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *