Նորակոչիկների՝ ծառայությանը հարմարվելու ուղղությամբ նոր քայլեր ենք իրականացնում. Մովսես Հակոբյան

Հասարակության  ուշադրության կենտրոնում գտնվող զորակոչի, ինչպես նաև նորակոչիկների՝ զինծառայության կանոններին ու կարգին հարմավելու թեմայի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից։

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Նրա խոսքերով՝ իրենց կողմից իրականացված բարեփոխումների զգալի մասն առնչվում է զորակոչի ամբողջ գործընթացում նորակոչիկներին ծառայությանը հոգեպես պատրաստելու, նրանց կարևորությունը գիտակցել տալու հետ, նոր մթնոլորտին հարմարվելուն նպաստելու հետ։

«Քանի որ ճանապարհը հիմնականում երկար է, և նորակոչիկները գիշերն են տեղ հասնում, լարվածությունը չեզոքացնելու նպատակով ընտրվում են անձնակազմի հետ լավ հարաբերություններ ունեցող սպաներ, որոնք դիմավորում են նորակոչիկներով ավտոբուսը, բարևում յուրաքանչյուր նորակոչիկի, հարցնում ինքնազգացողության մասին՝ արդյոք հոգնած չէ, լավ է քնել, ապա բարեհամբույր մոտեցմամբ առաջարկում գնալ ճաշարան՝ հաց ուտելու, ոչ թե հրամայում շարժվել դեպի ճաշարան։ Նորակոչիկների համար տաք ճաշը պարտադիր ժամանակին պետք է պատրաստ լինի։ Ճաշից հետո ուղեկցում են զորամաս, որտեղ նորակոչիկներին հնարավորություն է տրվում 4 ժամ հանգստանալու կամ քնելու։ Նորակոչիկներին տրամադրվում են նոր համազգեստ ու սպիտակեղեն։

Միայն հաջորդ օրը նրանց նորից ուղեկցում են ճաշարան, այնուհետև հանձնում են հատուկ ուղեցույց։ Ուղեցույցում համառոտ գրված է բանակի պատմությունը, հերոսների մասին, զորացրված զինծառայողների օրինակները, իրենց կողքին կանգնած հրամանատարների կենսագրությունը։ Ուղեցույցում ընդգծվում է այն, որ ցանկացած զինծառայող կարևոր է, նա է պաշտպանում հայրենիքը, կարող է ինքն էլ հերոսանալ ու տեղ գտնել ուղեցույցում»,-մանրամասնել է ՊԲ հրամանատարը։

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը Ռազմինֆոյին մանրամասներ էր հայտնել նաև առաջնագծում բարեփոխումների, Արցախում իրականացվող ականազերծման գործողությունների և ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *