Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խոսել է մի շարք խնդիրներից և հետագա անելիքներից: Արկադի Տեր-Թադևոսյանն էլ անդրադարձել է բանակի ձեռքբերումներին և բացթողումներին: Մամուլը չի շրջանցել նաև սպանված զինծառայող Փայլակ Շահնազարյանի մահվան թեման:
- Որոշվել է, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը լինելու է նաև ռազմական կցորդ: Այն հնարավորություն կտա Ֆրանսիայի հետ ավելի խորը համագործակցել նաև ռազմական ոլորտում: Հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
- «Դարերով երակներով հոսող հայկական արյունը նավթից թանկ է…Կգա ժամանակ, երբ նավթամուղերի նավթը կվերջանա, իսկ հայի արյունը միշտ կհոսի երակներով»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին:
- Հայաստանի բուհերում ռազմական ամբիոնների վերականգնման հնարավորությանն անդրադառնալով՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այս պահի դրությամբ դրանք վերագործարկել չի լինի:
- «Բանակում տեղի ունեցող պատահարները հուզում են բոլորին, դա ազդում է եւ հրամանատարների, եւ հարազատների, եւ իրավապահ մարմինների վրա: Չկա որեէ մի պատահարի մեղավոր, որ չպատժվի օրենքով»,- ասել է նախարարը:
- Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ բոլորը գիտեն մեր բանակի առավելությունների մասին. « Մենք գիտենք, որ հակառակորդին մի անգամ արդեն հաղթել ենք և երկրորդ անգամ էլ կկարողանանք հաղթել: Այսօր բանակի առջև կանգնած է նաև զինվորական կարգապահության բարձացման խնդիրը, և ՊՆ-ն այս ուղղությամբ ծրագրեր է մշակել: Մենք պարտավոր ենք որակապես նոր մթնոլորտ հաղորդել զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերություններում»: Թեման՝ panarmenian.net, news.am (1,2), panorama.am (1, 2), tert.am կայքերում:
- Զինվոր Սերգեյ Մանուկյանի ինքնասպանության գործը կրկին ուղղարկվել է նախաքննության: Մահացածի մայրը՝ Լամարա Մանուկյանը չի ցանկանում, որ դատարանում նույն մարդիկ զբաղվեն որդու մահվան գործով. «Եթե պիտի նույն մարդիկ կանգնին էս գործի գլուխ, ուրեմն դժվար թե իրանց նախկին գրածին հակառակ բան գրեն»:
- News.am և lragir.am կայքերն անդրադարձել են ԼՂ-ի զորմասերից մեկում «կատակի» արդյունքում սպանված Փայլակ Շահնազարյանի մահվանը: Մահացած զինվորի գյուղապետը նշել է, որ Փայլակն իր էությամբ կռվի գնացող երեխա չէր, քանի որ ինչպես ընտանիքի անդամները, նա համեստ անձանավորություն էր:
- «Եթե տեսնենք, որ սպաները մեղավոր են, ապա նրանք անպայման պատասխանատվություն կկրեն: Ծառայողական քննության արդյունքում կպարզվի` սպա մեղավո՞ր է, թե՞ ոչ, որովհետեւ միջադեպը տեղի է ունեցել երկու անձերի միջեւ»,- անդրադառնալով Փայլակ Շահնազարյանի սպանությանը՝ ասել է Սեյրան Օհանյանը:
- «Հայաստանն Իրանի դեմ սանկցիաների ոչ մի ֆորմատի չի համաձայնի»,- համոզված է Իգոր Մուրադյանը:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան և Արաբական ծոցի երկրները վարձկաններ են տրամադրում սիրիական զինված ընդդիմությանը:
- Իրանի առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի ռազմական խորհրդական` գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սեֆևին էլ պնդել է, որ Կատարը մի քանի միլիարդ դոլար է տրամադրել Թուրքիային Սիրիայի իշխանությունների համար խնդրահարույց իրավիճակ ստեղծելու համար:
- Ամերիկացիները դրոտիկատիպ, ինքնանշանառվող փամփուշտ են հայտնագործել փոքր տրամաչափի հարթափող հրազենի համար: Sandia National Laboratories-ում ստեղծված փամփուշտը ունակ է լազերով նշանառվող թիրախը խոցել 2 կմ հեռավորության վրա:
- Բաշար Ասադի ռեժիմի տապալումն անխուսափելի է: Սպիտակ տան այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի իրավիճակի քննարկման նախօրերին:
- «Եթե ընդդիմությունը հրաժարվում է նստել վարչակազմի հետ երկխոսության սեղանին, ապա ինչ է մնում որպես այլընտրանք` ռմբակոծե՞լ: Մենք դա արդեն անցել ենք: Անվտանգության խորհուրդը երբեք թույլ չի տա դա»,- անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
- ԱՄՆ նախագահն էլ հաստատել է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև, որ ԱՄՆ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում: