Հայկական անօդաչու սարքերն ինտենսիվորեն օգտագործվում են. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Անօդաչու թռչող սարքեր. ներածություն» վերնագրով դասախոսության ժամանակ պատասխանեց հայկական ԱԹՍ-ների և ադրբեջանա-իսրայելական համագործակցության մասին Ռազմինֆոյի հարցերին։

Դասախոսությունը կազմակերպել էր «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը։
Հովհաննիսյանը ներկաներին պատմեց անօդաչու թռչող սարքերի ստեղծման պատմությունը, խոսեց ԱԹՍ-ների ոլորտում առաջատար պետությունների, ինչպես նաև տարբեր երկրներում ներկայումս իրականացվող լայնածավալ ծրագրերի մասին։

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ

Նա անդրադարձավ նաև 2011 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի ԱԹՍ-ն վայր գցելու հարցին. «Երբ մենք հետո այդ սարքը փորձաքննության տարանք, պարզ դարձավ, որ մի շարք թերություններ ունի։ Այդտեղ սարք չկար, ինչ-որ սուրոգատ, իրար կպցրած բան էր»։
Ենթադրվում է, որ այն իսրայելական Հերմես-180 ԱԹՍ-ի ինչ-որ մոդիֆիկացիա էր, հնարավոր է՝ հատուկ Ադրբեջանի համար սարքված։
Հովհաննիսյանը խոսեց նաև ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցություններից։
«Իսրայելցիներն ադրբեջանցիներին շատ բան են տալիս, բայց շատ դեպքերում անորակ։ Իսրայելը Ադրբեջանի նկատմամբ որևէ պարտավորություն չունի միջպետական պայմանագրով, ամեն ինչ առանձին ընկերությունների միջև համագործակցության մակարդակի է։ Հիմա էլ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը կարծես թե չի ստացվում, դրա համար էլ նրանք ուղղությունը փորձում են փոխել դեպի Հարավային Կորեա», — մեկնաբանեց Հովհաննիսյանը։
Ռազմինֆոյի խնդրանքով նա անդրադարձավ նաև հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերին։
«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հայրենական արտադրության մի քանի տիպի անօդաչուներ ունենք։ Աշխարհում մոտ 70 երկիր փորձում է սեփական արտադրություն իրականացնել, որոնցից մեկն էլ մենք ենք», — պարզաբանեց բանախոսը։
Ըստ Հովհաննիսյանի՝ հայրենական արտադրության ԱԹՍ-ներն իրենց տեսակների մեջ լավագույնը չեն, բայց աշխարհում վերջինն էլ չեն։ Խոսելով անօդաչու թռչող սարքերի կարողություններից՝ փորձագետը նշեց, որ մեր ԱԹՍ-ներն ունեն միջինը 50-80 կմ մարտավարական խորություն, օգտագործվում են ինչպես հետախուզության նպատակով, այնպես էլ մի շարք այլ կարևոր խնդիրներ լուծելու համար։

«Շատ մանրամասներ չեմ ասի, բայց «Կռունկը» ինտենսիվորեն օգտագործվում է», — հավելեց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով նաև, որ այն լինելու է մեր բանակի հիմնական ԱԹՍ-ն։
Ռազմինֆոյի այն հարցին, թե մեր ԱԹՍ-ները միայն հայկական են, թե այլ պետությունների հետ համագործակցության արդյունք, փորձագետը պատասխանեց.
«Զուտ հայկական նախագիծ է, բայց դետալները դրսից են։ Նախագիծը գծագրումից մինչև վերջին պտուտակի ամրացումը տեղի մասնագետներն են արել»,- վստահեցրեց Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց նաև, որ հայրենական արտադրությունը մի քանի անգամ պակաս ծախսատար է։
Պարզաբանում. «Ռազմինֆո» լրատվական կայքը «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի ծրագիր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *