Քենիայի զինծառայողներին կասկածում են առևտրի կենտրոնի թալանի համար

Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի սեփականատերերը մեղադրել են Քենիայի զինծառայողներին ու ոստիկաններին ավազակության և թալանի համար։

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Համաձայն AP լրատվական գործակալության տվյալների՝ սեփականատեր-գործարարները վկայում են, որ իրենց խանութներից կորել են մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր, բջջային հեռախոսներ, դրամարկղից գումարներ, ալկոհոլային ըմպելիքներ։ Վկաներից մեկն էլ AP-ի թղթակցին մեկնաբանել էր, որ տեսել է՝ ինչպես է զինծառայողը ծխախոտ գողանում սպանվածի գրպանից։

Այնուհանդերձ, բավարար ապացույցներ չկան։ Միակ անուղղակի ապացույցն այն է, որ գրոհի ժամանակ ներսում եղել են միայն հակաահաբեկչական գործողության մասնակիցները, ինչպես նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ։

Սեպտեմբերի 30-ին սեփականատերերն ու իրենց ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել կենտրոն, հավաքել այնտեղ մնացած անվնաս ապրանքներն ու կազմել կորսված ապրանքների ցուցակը։

Նշենք, որ կառավարությունն ընդամենը հաստատել է կորսված ապրանքների փաստը, սակայն մեղավորների ու կասկածյալների մասին լռել է։ Զինված ուժերը խուսափել են մեկնաբանություններից։

Հիշեցնենք, որ Քենիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան սկսել էին Նայրոբիում զինյալների կողմից գրավված առևտրի կենտրոնի գրոհը։

Քենիայի իրավապահ մարմիններին օգնության էին եկել նաև Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք, ըստ նախնական տեղեկության, անմիջական մասնակցություն չեն ունեցել պատանդների ազատմանը, աջակցել են՝ որպես խորհրդատու։ Իսրայելի միջամտությունը կապված էր թերևս այն հանգամանքի հետ, որ առևտրի կենտրոնը պատկանում է իսրայելցի գործարարներին։

Հարձակումը երկրին վնաս էր ոչ միայն մեծ թվով զոհերի, այլև դրանց շարքում այլ երկրների քաղաքացիների առկայության պատճառով, քանի որ Քենիայի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից, իսկ այս ահաբեկչական գործողություններից հետո առաջիկայում դժվար թե զբոսաշրջությունը եկամտաբեր լինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *