Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի մասին համաձայնագիրը

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վավերացրեց հանրապետությունում ռուսական բազայի տեղակայման կարգավիճակի մասին համաձայնագիրը։ «Կողմ» են քվեարկել ներկա 59 պատգամավորներից 57-ը։

Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Խայրուլոևը խորհրդարանում համաձայնագրի ներկայացման ժամանակ այն համարել է կարևոր առաջին հերթին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու համար։ Ըստ Խայրուլոևի՝ այս համաձայնագիրը պահպանում է Տաջիկստանի անվտանգությունը և որևէ այլ երկրի դեմ ուղղված չէ։ Համաձայնագիրն այժմ պետք է հաստատվի խորհրդարանի վերին պալատի կողմից, իսկ ուժի մեջ կմտնի երկրի նախագահի ստորագրումից հետո։

Նշենք, որ Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեկակայման մասին օրենքը ՌԴ նախագահը ստորագրել է դեռ 2012 թվականի մայիսին, իսկ Տաջիկստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում։

Հավելենք, որ ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագիրը երկարաձգվել է մինչև 2042 թվականը։ Նախատեսվում է, որ ռազմաբազան Ռուսաստանի և տեղի զինծառայողների հետ պաշտպանելու է Տաջիկստանի անվտանգությունն ու Ռուսաստանի շահերը։ Բացի այդ, Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում, ռուսական կողմն իրականացնում է համատեղ սպառազինությամբ ապահովելու գործընթաց։ Հաստատվում է անձնակազմի, ընտանիքներով զինծառայողների և քաղաքացիկան անձնակազմի թիվը։
Տեղեկացնենք, որ 2005 թվականից ի վեր Ռուսաստանը, որպես ռազմատեխնիկական օգնություն, Տաջիկստանին տրամադրել է 411 մլն ԱՄՆ դոլար, բացի այդ այս տարիների ընթացքում ՌԴ-ում վերապատրաստվել են ավելի քան 2 հազար տաջիկ զինծառայող, ինչպես նաև այս պահին ռուսական բուհերում անվճար համակարգում սովորում է մոտ 500 տաջիկ ուսանող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *