Թուրք-սիրիական սահմանի ականապատ դաշտ մտած անձանցից մեկը մահացել է ականի պայթյունի հետևանքով։ Եվս երկուսին Թուրքիայի սահմանապահները ձերբակալել են։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ դեպքը եղել է սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը։ Թուրք սահմանապահները Սիրիայից դեպի Թուրքիայի տարածք անցնել փորձող երեք անձի են նկատել։
Սահմանը հատելու փորձի ժամանակ նրանցից մեկը պայթել է ականի վրա, իսկ երկուսը դուրս են եկել ականապատ դաշտից և հանձնվել թուրք սահմանապահներին։
Պարզվել է, որ մահացածը Սիրիայի 22-ամյա քաղաքացի Մուհամմեդ Հասանն է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։
Այս պատճառով էլ Թուրքիայի և Սիրիայի սահմանին վերջին երկու տարում մի շարք միջադեպեր են գրանցվել, իսկ լարվածությունը շարունակվում է նաև վերջին շրջանում։