Եմենում իսլամիստները գրավել են զինված ուժերի շտաբը

Իսլամիստ զինյալները սեպտեմբերի 30-ին առավոտյան գրոհով վերցրել են Եմենի Մուկալլա քաղաքում տեղակայված զինվաժ ուժերի շտաբը։
Ըստ տեղի իշխանությունների՝ հարձակումը սկսվել է շտաբ վրա ականապատ մեքենայի պայթյունով։

Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Մեքենան վարել է ահաբեկիչ-մահապարտը։ Պայթյունի հետևանքով առաջացած ճեղքով անցել են ահաբեկիչների 4 մեքենաները. վերջիններս կրել են Եմենի հատուկ ծառայության ստորաբաժանման հագուստ։

Նրանք միանգամից կարողացել են ճնշել դիմադրությունը, սպանել են նվազագույնը երկու զինծառայողի և գերի են վերցրել դեռևս չճշտված թվով զինվորների և սպաների։

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պատանդների թվում հնարավոր է լինի նաև Եմենի զինված ուժերի գեներալ Մուհսեն Հասանին, ով երկրի այդ շրջանում Եմենի ԶՈւ հրամանատարի տեղակալն է։ Հայտնի է, որ նա հարձակման պահին շտաբում է եղել, բայց մինչ հիմա կապի դուրս չի եկել։

Նշենք, որ Եմենի զինված ուժերի ստորաբաժանումներն արդեն դեպքի վայրում են։
Իսկ ահա «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ հարձակման ընթացքում սպանվել են 3 զինծառայող, 6 հոգի վիրավորվել է, իսկ փոխհրաձգությունը մինչև այժմ շարունակվում է։
Գործակալության աղբյուրը հավաստիցնում է, որ զինյալները շտաբի ներսում են եղել մինչև հարձակման ակտիվ փուլը։ Այդ իսկ պատճառով, երբ հարձակումը սկսվել է, զինծառայողներն երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ով ում վրա է կրակում։
Մուկալլա քաղաքը Եմենի ամենամեծ քաղաքներից է ու կարևոր նավահանգիստ է։
Նշենք, որ քաղաքը զինված ուժերի և իսլամիստների դիմակայության ակտիվ գոտի է համարվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *