ԱՄՆ դժգոհ է Թուրքիայի՝ չինական ՀՕՊ համակարգերի ընտրությունից

Միացյալ Նահանգներն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի կողմից չինական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշման վերաբերյալ։

Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակը, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։

HQ-9

HQ-9

«Մենք մեր լրջագույն մտահոգությունն ենք հայտնում ամերիկյան պատժամիջոցների ենթարկվող չինական ընկերության և թուրքական կառավարության միջև պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Այդ համակարգերը չեն կարողանա համատեղվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին»,-նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռավորության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։

Չինական տարբերակի ընտրությունը բացատրվել էր տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ և մատչելի արժեքով։ Պայմանագիրը գնահատվում է 3-4 մլրդ ամերիկյան դոլար։

Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *