Ասադը վերահաստատեց, որ պատրաստ է հետևել քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել երկրում քիմիական զենքի վերացման վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրի բանաձևին։ Այս մասին Ասադն օրերս  հայտարարել է իտալական RaiNews24 հեռուստաալիքի հետ զրույցում։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

«Մենք միացել ենք քիմիական զենքի գնման և օգտագործման արգելքի միջազգային համաձայնագրին ավելի վաղ, քան այդ մասին բանաձևը կանցներ ՄԱԿ ԱԽ-ով»,-նշել է Սիրիայի ղեկավարը։

Վերջինս հավելել է, որ իրենց առաջնային խնդիրը քիմիական զենքի պահեստների վերաբերյալ տվյալների հրապարակումն է, բայց և հավելել, որ որոշ դեպքերում այդ պահեստները տեղակայված են այն վայրերում, որտեղ այժմ ահաբեկիչներն են։

Ասադը նաև հայտարարել է, որ պատրաստ է լքել իր զբաղեցրած պաշտոնը, եթե 2014 թվական նախանշված նախագահական ընտրություններում չարժանանա սիրիական ժողովրդի վստահությանը։

«Փոթորկի ժամանակ պետք չէ թողնել նավը, այն պետք է նավահանգիստ հասցնել»,-այսպես է բացատրել իրավիճակն Ասադը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Սիրիայի կառավարությունն արդեն համաձայնել էր միջազգային վերահսկողության տակ ամբողջապես ոչնչացնել երկրում քիմիական զենքի պաշարները։ Դամասկոսն այս քայլին գնաց Ռուսաստանի առաջարկով, քանի որ վտանգ կար, որ ԱՄՆ ռազմական միջամտության կդիմի։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայում օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *