Ադրբեջանում շարունակվում են նավթամուղի անվտանգությանն ուղղված զորավարժությունները

Սեպտեմբերի 23-ից 27-ը Ադրբեջանի ԶՈՒ ռազմական ակադեմիայում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ համակարգչային տեխնիկայի ընդգրկմամբ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանն ուղղված Eternity 2013 (Հավերժություն 2013) անվանումը կրող զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները:

Անցկացվող վարժանքների ընթացքին հետևել են ինչպես Ադրբեջանի ՊՆ վարչության պետեր, այնպես էլ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի կապավորների գծով սպան, ԱՄՆ ռազմածովային ուժերի կցորդ, ինչպես նաև Թուրքիայի և Վրաստանի ռազմական կցորդներ:

Նշենք, որ նման զորավարժությունը առաջինը չէ այս երկրների մասնակցությամբ: 2012 թվականի սեպտեմբեր ամսին նավթամուղի անվտանգությանն ուղղված եռակողմ զորավարժությունն անցկացվել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

Հավելենք, որ հայկական կողմը մեկ անգամ չէ, որ ակնարկել է անհրաժեշտության դեպքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի խոցման առանձնակի դժվարություն չներկայացնելու մասին: Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 15-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Գլխավոր Շտաբի Օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարել էր. «մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և այն ունի կետային հարվածի հնարավորություն: Մենք անհրաժեշտության դեպքում, հարվածելու ենք հակառակորդի համար տնտեսական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներին և ենթակառուցվածքներին»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *