Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 22-28

Թուրքիան գնելու է չինական ՀՕՊ համակարգեր: 33 մլրդ դոլար` կործանիչի ստեղծմանը: Զորավարժություններ Վրաստանի և Ադրբեջանի հետ: Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռը սերիական արտադրություն կսկսի: Թուրքական «Ազգային նավի» մրցույթը վերջնականապես չեղյալ հայտարարվեց և այլ թեմաներ` Թուրքիայի ռազմաշաբաթի ամփոփման մեջ:

” Թուրքիայում որոշել են նախապատվությունը տալ չինական CPMIEC ընկերության HQ-9 (FD-2000) մեծ հեռավորության զենիթահրթիռային կայաններին, թեև պայքարում էին նաև ամերիկյան, ռուսական և ֆրանս-իտալական ընկերությունները։ Թուրքիան որոշեց ընտրել չինական ընկերությանը, քանի որ հնարավորություն կստանա օգտագործել նրա տեխնոլոգիաները և ՀՕՊ համակարգերի սեփական արտադրություն հիմնել երկրի տարածքում։ Բացի այդ, չինական տարբերակները մրցույթի մյուս մասնակիցներից ավելի մատչելի գին ունեին։

” Թուրքագետներ Գևորգ Պետրոսյանն ու Լևոն Հովսեփյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մեկնաբանեցին Թուրքիայի ընտրությունը` գնելու չինական ՀՕՊ համակարգերը:

” Թուրքիան կարող է 31-33 մլրդ ամերիկյան դոլար ծախսել սեփական կործանիչի ստեղծելու և հետագայում այն գնելու համար։ Ներկայում Թուրքիան շվեդական կողմի հետ շարունակում է մշակել TF-X կոչվող կործանիչը։

” Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է վերջնականապես չեղյալ հայտարարել «Ազգային նավ» նախագծի երրորդ և չորրորդ նավերի արտադրության մրցույթի արդյունքներն ու նոր մրցույթ անցկացնել։

” Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է գնել թուրքական TAI ընկերության «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռներ։

Այսպիսով, ըստ հանձնաժողովի որոշման՝ թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռը՝ «Հյուրքուշը», սկսելու է սերիական արտադրություն իրականացնել։

” Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախատեսում է գնել տեխնիկապես կատարելագործված հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք տեխնիկական տվյալներով պետք է հնարավորինս նման լինեն ամերիկյան Global Hawk-ին («Գլոբալ Հոք»):

” Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնում երկու երկրների միջև սահմանային անցակետերին։ Թուրք-վրացական վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 25-ին և տևել են 2 օր։

” ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի օդային տարածքի նախաձեռնության համագործակցության (CAI) զորավարժությունն ընդունել է Թուրքիան։ Ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներն անցկացվում են Սամսուն-Սվազ (Սեբաստիա)-Տրապիզոն շրջանների և Սև ծովի օդային տարածքներում սեպտեմբերի 23-24-ը։

” Սեպտեմբերի 23-ից 27-ը Ադրբեջանի ԶՈՒ ռազմական ակադեմիայում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ համակարգչային տեխնիկայի ընդգրկմամբ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանն ուղղված Eternity 2013 (Հավերժություն 2013) անվանումը կրող զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները:

” Թուրքիայում խրախուսանքներ են տվել Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-17 բեռնատար ուղղաթիռը վայր գցած թուրքական կործանիչների օդաչուներին։

” Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ քրեական գործ է հարուցվել 1997 թվականի փետրվարի 28-ի հեղաշրջման հետաքննության շրջանակներում։

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *