Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 22-28

Աշնանային զորակոչը կսկսվի դեկտեմբերից: Զորավարժություն ՊԲ-ում: Նախագահի ելույթը ՀԱՊԿ նստաշրջանում: Զինծառայողի մահվան վերաբերյալ 3 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել: Կնքվեց հայ-հունական ռազմական համաձայնագիր: Հակառակորդի կրակը խոչընդոտել է օգնել սահմանին ականի վրա պայթած բնակչին: Օհանյանը հետևեց «Արևմուտք-2013» զորավարժությանը: 102-րդ ռազմաբազայում առաջիկայում միայն անձնակազմի փոխարինում է լինելու: Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ռազմական կցորդին: Բացվեց Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը:

1. 2013 թվականի աշնանային զորակոչը կսկսվի դեկտեմբերից և կշարունակվի հունվարին: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Պատճառը կրթական բարեփոխումներն են:

2. ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ անցկացվեց հրամանատարաշտաբային զորավաժություն: Այն ղեկավարում էր ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:

3. Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Սոչիում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Մինչ այդ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպում, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Ելույթն` այստեղ:

4. ՊԲ-ում մահացած Խաչատուր Խաչատրյանի մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի։ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել է, որ 3 զինծառայողներից մեկն արդեն կալանավորված է, իսկ մյուս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:

5. Սեպտեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսն ու ՀՀ ԶՈՒ ԳՇՊ Յուրի Խաչատուրովը կնքեցին հայ-հունական համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Այնուհետև կողմերը հանդես եկան հայտարարությամբ:

 

Յուրի Խաչատուրովն ընդունում է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին

6. Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում մահվան ելքով դժբախտ պատահար է գրանցվել։ Գյուղի բնակիչներից Էդուարդ Դալլաքյանը սահմանին ականի վրա պայթել է` վնասելով ծունկն ու թևը: Որից հետո հակառակորդը ինտենսիվ կրակ բացելով խոչընդոտել է բնակչին օգնություն ցույց տալ: Մանրամասներն` այստեղ:

7. Սեպտեմբերի 26-ին Կալինինգրադի «Խմելյովկա» զորավարժարանում մասնակից պետությունների ներկայացուցիչները հետևել են «Արևմուտք-2013» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին։ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զորավարժության ընթացքին հետևել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները։

8. Սեպտեմբերի 26-ին, հայկական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, և առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ: Ռազմինֆոն տեղեկությունը ճշտեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանից: Գնդապետը նշեց, որ ռազմաբազայում առաջիկայում սպասվում է միայն ներկայիս անձնակազմի փոխարինում։

9. Սեպտեմբերի 28-ին Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:

10. Սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն էր: Սպայի հիշատակը հարգելու և հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու համար հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, հարազատները, մի շարք հասարակական գործիչներ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ամբողջ նյութին ծանոթացեք այստեղ:

Ռազմաշաբաթը նաև`

Թուրքիայում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *