Սեպտեմբերի 25-ին հրավիրվել է խորհրդակցություն՝ նվիրված վերջերս հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների հետ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը, որը վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Արդյունքների ամփոփմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձ է կատարել զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին և նշել, որ, ընդհանուր առմամբ, գոհ է զորավարժության ընթացքում արձանագրված արդյունքներից:
Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով, մանրակրկիտ վերլուծության ենթարկելով անցկացված զորավարժությունը, նշել է արձանագրված ձեռքբերումները, վեր հանել նկատված բացթողումներն ու թերացումները և առաջադրել ապագայում դրանք բացառելու նախապայմանները:
Արդյունքների ամփոփման ավարտին հրապարակվել է պաշտպանության նախարարի անձնակազմին խրախուսելու մասին հրամանը, որի համաձայն մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և թանկարժեք նվերներով: