Երկարատև վերանորոգումից հետո շահագործման հանձնված ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր նավը կրկին ուղարկվել է վերանորոգման և սպասարկման։
Defense News ռազմական կայքի տեղեկություններով՝ նախատեսվում է զննել, վերանորոգել, սպասարկել ավիակիրի շարժիչային հատվածը։
Աշխատանքները տևելու են շուրջ 20 օր, որից հետո այն շարունակելու է ծառայությունը ԱՄՆ ՌԾՈւ-ի կազմում։
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր նավը 4 տարի վերանորոգում անցնելուց հետո այս տարվա օգոստոսի վերջին ժամանել էր Նորֆոլքի ռազմաբազա։ Վերանորոգման աշխատանքների մոտավոր արժեքը 2,5 մլրդ դոլար է։
Համալիր վերանորոգման արդյունքում շուրջ 30 տարի շահագործված ավիակրի բոլոր հիմնական համակարգերը փոխվել են ու արդիականացվել, իսկ միջուկային ռեակտորները վերալիցքավորվել են նոր վառելիքով։ Այս ամենը, ըստ մասնագետների, թույլ կտա այն ևս 23 տարի օգտագործել այն։
Հայտնի է նաև, որ ավիակրի վերանորոգման աշխատանքներին մասնակցել է շուրջ 4000 մարդ։
Հիշեցնենք, որ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը «Նիմից» տիպի 4-րդ նավն է։ Նրա կառուցումն ավարտվել է 1980-ի հոկտեմբերի 31-ին, փորձարկումներն անցել է 1985-ի հոկտեմբերի 27-ին, ընդգրկվել է ԱՄՆ նավատորմի կազմում 1986-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ ավիակրի կառուցումն արժեցել է 4,5 մլրդ դոլար։ Ավիակրի տախտակամածից կատարվել է ավելի քան 4200 մարտական թռիչք, օգտագործվել է ավելի քան 2000 տոնա զինամթերք։
Ըստ էության, սա ռազմական գործողություններում ամենահաճախ կիրառված ամերիկյան ավիակիրն է։ 1999-ին օգտագործվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի դեմ պատերազմում։ Եվս մեկ վերանորոգման ենթարկվել է 2007-ին։
Հավելենք, որ դեռևս օգոստոսի սկզբներին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ԶՈւ-ն նախատեսում է ավիակիրների թվի կրճատում. ամերիկյան նավատորմի ներկայիս 11 ավիակիրների փոխարեն շարքում կմնան 8 կամ 9 ավիակիր։
Defense News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում հնարավոր է ազատվեն «Ջորջ Վաշինգթոն», «Ջոն Ք. Սթենիս» և «Հարի Թրութման» ավիակիրներից, որոնք կառուցվել են 1990-ական թվականներին և «Նիմից» տիպի են։