ԱՄՆ ու ՌԴ-ն Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի շուրջ համաձայնության են եկել

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ համաձայնության են եկել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանաձևի նախագիծը չի ենթադրում ուժի կիրառում քիմիական զենքի ոչնչացնելու գործընթացում խախտումների դեպքում։ Ինչպես հստակեցրել է Լավրովը՝ եթե գործընթացի ժամանակ որևէ խախտում լինի, այդ դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այդ հարցը լրացուցիչ կքննի և արտաքին ռազմական միջամտության համար կպահանջվի մեկ այլ բանաձև։

Լավրովը հավելել է նաև, որ բանաձևը համագործակցության կոչ է անում ոչ միայն Բաշար Ասադի կառավարությանը, այլ նաև ապստամբներին։

Փաստաթուղթը նախատեսում են քննել ՄԱԿ ԱԽ-ում առաջիկայում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Սիրիայի կառավարությունը համաձայնեց միջազգային վերահսկողության տակ ամբողջապես ոչնչացնել երկրում քիմիական զենքի պաշարները։ Դամասկոսն այս քայլին գնաց Ռուսաստանի առաջարկով, քանի որ վտանգ կար, որ ԱՄՆ ռազմական միջամտության կդիմի։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *