Թուրքիայի՝ չինական ՀՕՊ համակարգերն ընտրելու պատճառները՝ ըստ թուրքագետների

Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, որ Թուրքիան ընտրել է Չինաստանին՝ միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու համար։ Մասնավորապես, թուրքական կողմը պայմանագիր է կնքելու չինական CPMIEC ընկերության հետ, որն արտադրում է HQ-9 (արտահանվող տարբերակ՝ FD-2000)։

HQ-9

HQ-9

Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը, սակայն թուրքերն իրենց վերջնական ընտրությունը հիմնավորել են չինական տարբերակի մատչելի արժեքով և տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ։

Այս հարցի շուրջ Ռազմինֆոն մեկնաբանություն վերցրեց թուրքագետ Լևոն Հովսեփյանից։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ պատճառներով Թուրքիան ընտրեց Չինաստանի տարբերակը և որքանով էր սպասելի այդ որոշումը՝ Լևոն Հովսեփյանը նշեց. «Իրականում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի երեկ կայացրած որոշումն անսպասելի կարելի է համարել, քանի որ Թուրքիայի ԶՈւ-ի համար մեծ հեռահարության ՀՕՊ համալիրների հայտամրցույթում հաղթեց չինական ընկերությունը:

Չնայած մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան և ռուսական ընկերությունները, որոնք այդ ոլորտի առաջատարներն են, այդուհանդերձ, նախապատվությունը տրվեց չինականին: Չինական համալիրների ընտրությունը պայմանավորված է նախ և առաջ Թուրքիայի տարածքում համատեղ արտադրություն հիմնելու նպատակահարմարությամբ և ըստ այդմ` տեխնոլոգիաները յուրացնելու առաջնահերթությամբ: Հատկապես ամերիկյան ընկերություններն այդ հարցում այնքան էլ շռայլ չեն:
Եթե դիտարկենք Թուրքիայի ռազմաօդային ուժերի ու ՀՕՊ համակարգի միասնական դաշտ ստեղծելու ձգտումները, ապա տրամաբանորեն պետք է ընտրություն կատարվեր հօգուտ ամերիկյան համալիրների, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Թուրքիան 2010 թվականին միացավ ՆԱՏՕ-ի միասնական եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգին և իր տարածքում տեղակայեց ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայան»,-նշեց թուրքագետը և հավելեց.
«Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերության ոլորտում թուրք-չինական համագործակցությանը, սա նախադեպ չէ ընդհանուր առմամբ: Դեռևս 1990-ական թթ. չինական տեխնոլոգիաների հիման վրա Թուրքիայում սկսվեց չինական հրթիռահրետանային համալիրների արտադրությունը, որոնք այսօր հայտնի են Տ-300 Քասըրգա (T-300 KASIRGA) և Յըլդըրըմ (YILDIRIM) անվանումներով: Կարծում եմ, որ այս որոշումը հետևանք կլինի նաև թուրքական զարգացող ռազմաարդյունաբերության համար մի շարք այլ ոլորտներում չինական ընկերությունների ներգրավման համատեղ նախագծերում: Փաստորեն, նման կարևոր հայտամրցույթի երկար տարիներ ձգձգումը պայմանավորված էր մրցույթին մասնակցող կողմերից առավելագույնն ստանալու ակնկալիքով և փաստորեն չինական կողմի առաջարկները բավարարել են Թուրքիային:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ Չինաստանին նախապատվություն տալը մեծապես կապված էր Թուրքիայի տարածքում նման համակարգերի համատեղ արտադրության հնարավորությամբ։

«Թուրքիան վերջին տարիներին զգալի ուշադրություն է հատկացնում ռազմական արդյունաբերությանը։ Թուրքիայում ծրագրեր ունեն ստեղծել սեփական կործանիչը, այժմ աշխատում են տեղական հիմնական մարտական տանկի, ուսումնական ինքնաթիռի, ռազմանավերի ստեղծման ուղղությամբ։ Թուրքիան, իհարկե, դեմ չէր լինի նաև տեղում հեռահար զենիթահրթիռային համակարգեր արտադրել։
Այս տեսանկյունից թուրքական մրցույթում չինական տարբերակի հաղթելու հնարավորությունները զգալի մեծանում էին, սակայն մյուս կողմից ամերիկյան «Փեթրիոթները», այսպես ասած, շատ ավելի հեշտ կձուլվեին Թուրքիայի զինված ուժերին. Թուրքիան ի վերջո ՆԱՏՕ-ի անդամ է։

Սակայն ինչպես տեսանք, ներկայում Թուրքիան առավել մեծ տեղ է հատկացնում ռազմարդյունաբերության զարգացմանը, քան երկրի զինված ուժերն ավելի հարմար և փորձված զինատեսակով համալրելուն, այն էլ՝ ռազմական դաշնակցի արտադրած»,-հավելեց թուրքագետը։

Գևորգ Պետրոսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թեև HQ-9 (FD-2000) ՀՕՊ համակարգերը խորհրդային արտադրության Ս-300-ների չինական տարբերակներն են, սակայն Թուրքիան սպասելիորեն չընտրեց Ռուսաստանին, որը նույնպես մրցույթի մասնակիցների թվում էր։

«Դժվար թե Թուրքիան այս մրցույթում նախապատվություն տար Ռուսաստանին, ինչը կապված է ոչ միայն քաղաքական հարցերով, այլ նաև նրանով, որ կոնկրետ Թուրքիայի համար ամերիկյան կամ չինական առաջարկներն ավելի շահեկան էին և հարմար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *