Սուդանի իշխանությունները մայրաքաղաք Խարթումում տեղակայել են զինված ուժերի ստորաբաժանումներ, որոնք հերթապահություն են անում բենզալցակայանների, կարևոր ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների, ինչպես նաև նախագահական պալատի մոտ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Զինված ուժերի՝ քաղաքում տեղակայման պատճառն օրեր շարունակ մայրաքաղաքում և այլ քաղաքներում անկարգություններն են։ Խռովությունը հասունացել է, երբ գրեթե 2 անգամ բարձրացել է բենզինի գինը։ Բենզինի թանկացման պատճառն էլ կապված է պետության սուբսիդավորման կասեցմամբ։
Մեկ օր առաջ ցուցարարները թալանել և այրել են երկու տասնյակից ավելի ավտոլիցքավորման կետ, գրարել են օդանավակայան տանող պողոտան, բացի այդ բախումներ են առաջացրել՝ վնասելով մի շարք ավտոմեքենաներ, խանութներ, տներ և ոստիկանական բաժանմունքներ։
Նշվում է, որ ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվել է ավելի քան 30 և վիրավորվել տասնյակ մարդիկ։ Հիվանդանոց տեղափոխված մարդկանց մոտ, ըստ բժիշկների, արձանագրվել են հրազենային վնասվածքներ։
AFP-ի տվյալներով՝ երկրում դադարեցվել են դպրոցների աշխատանքը, համացանց չկա։ Իսկ ահա անկարգությունների համար կառավարությունը մեղադրում է «որոշ ուժերի», որոնք նախապես պլանավորել են բախումները։
Սուդանի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արդյունահանումից։ Սակայն Հարավային Սուդանի առանձնացումից հետո, Սուդանի տնտեսական վիճակը ծանրացավ, քանի որ նավթային պահեստների ¾-ը մնաց Հարավային Սուդանի տարածքում։
BBC-ի տվյալներով, ստեղծված վիճակում պետությունը դադարեցնում է պետական սուբսիդավորումները, քանի որ հակառակ դեպքում երկրին սպառնում է «տնտեսական կոլապս»։