ԱՄՆ նույնպես ստորագրեց զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային պայմանագիրը

ԱՄՆ-ն նույնպես ստորագրեց ՄԱԿ-ի կողմից կազմված զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային պայմանագիրը։ Պայմանագրին միանալու համաձայնագիրը կնքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում սեպտեմբերի 25-ին։

Այսպիսով, պայմանագրին միացած երկրների թիվը հասել է 108-ի, տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։

M1A1 ԱՄՆ տանկերն Իրաքում

M1A1 ԱՄՆ տանկերն Իրաքում

Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Իրանը վերոնշյալ պայմանագիրը դեռ չեն ստորագրել։ Հարևան երկրներից միայն Թուրքիան է ստորագրել փաստաթղթի տակ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2013 թվականի ապրիլի 3-ին ընդունել էր աշխարհում սպառազինության վաճառքը կարգավորող միջազգային պայմանագիրը։ Փաստաթուղթը ՄԱԿ-ում քվերակության ժամանակ արժանացել էր կազմակերպության անդամ 154 պետությունների հավանությանը։ Դեմ են քվեարկել Իրանը, Սիրիան և ԿԺԴՀ-ն: Եվս 23 պետություն, այդ թվում` Ռուսաստանը ձեռնպահ են եղել:

Այն նախատեսում է կարգավորել բոլոր զինատեսակների՝ հրաձգային զենքից մինչ ռազմանավեր ու ինքնաթիռներ, վաճառքը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ձգձգում էին պայմանագրի ստորագրումը՝ պահանջելով իրենց շահերից ելնող փոփոխություններ կատարել  փաստաթղթում։

Նշենք նաև, որ Միացյալ Նահանգներն աշխարհում ռազմական տեխնիկայի ամենախոշոր արտահանողն է: Զենքի վաճառքի տարեկան շրջանառությունն ըստ ոչ պաշտոնական տվյալների կազմում է շուրջ 70-80 մլրդ ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *