ԱՄՆ-ի քաղաքացի Ալվար Փուրիանը դատապարտվել է երկարատև ազատազրկման «Թալիբան» շարժմանը զենք վաճառելու մեղադրանքով։
Նյու Յորքի դաշնային դատարանը 38-ամյա Փուրիանին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ թալիբների մի շարք զինատեսակներ, այդ թվում նաև կրովի զենիթահրթիռային համակարգեր վաճառելու փորձի համար, փոխանցում է AP-ն։
Փուրիանն իրանյան քուրդ է, ով ԱՄՆ-ում է բնակվում 1997 թվականից։ Սկզբում նա ունեցել է փախստականի կարգավիճակ, ապա նաև ամերիկյան քաղաքացիություն։ Իրաքյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակի համար որպես թարգմանիչ է աշխատել։ Այս տարինել են նա դարձել է զենքի ապօրինի վաճառքով զբաղվող 7 հոգանոց հանցավոր խմբիանդամը։
Խմբին հաջողվել է 2010 թվականին հայտնաբերել ամերիկյան իրավապահների հատուկ գործողության արդյունքում։
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները թալիբներ են ձևացել և փորձել են խմբից 25 մլն ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերք գնել, որի դիմաց պետք է վճարեին աֆղանական հերոինով, ինչին մեղադրյալները համաձայնել են։ Թալիբներ ձևացող ամերիկյան գործակալներն ու խումբը մի շարք բանակցություններ են վարել աֆրիկյան երկրներում, ինչպես նաև Ռումինիայում և Ուկրաինայում, տեսազանգեր անցկացրել, էլ. փոստով կապ պաշտպանել։։
CNN-ի տեղեկություններով՝ խումբը թալիբներին է առաջարկել կրովի զենիթահրթիռային համակարգեր, նռնականետեր, M-16, Կալաշնիկովի ինքնաձիգեր և այլ զենք ու զինամթերք, ինչպես նաև դրանցից օգտվելու դասընթացներ։
Ամերիկյան աղբյուրները, սակայն, չեն նշում, թե խումբը որտեղից էր ձեռք բերելու այդ զենքն ու զինամթերքը։
Դատավարության ընթացքում Փուրիանն իր մեղքը չի ընդունել՝ նշելով, թե անգամ փորձել է օգնել ամերիկյան կառավարությանը կանխելու իսլամիստների՝ խոշոր քանակի զենք գնելու մտադրությունը։
Գործով անցնողներից ևս մեկն ԱՄՆ քաղաքացի է՝ Օդեդ Օրբախը, ով Իսրայելից է գաղթել այդ երկիր։ Վերջինիս գործով վճիռը հայտնի կդառնա նոյեմբերի 1-ին։ Հանցավոր խմբի մյուս անդամները Լիբանանի, Բենինի և Տոգոյի քաղաքացիներ են։