Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր պատվիրելու մասին։ Թուրքական հատուկ ծառայությունը նախատեսում է գնել տեխնիկապես կատարելագործված հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք տեխնիկական տվյալներով պետք է հնարավորինս նման լինեն ամերիկյան Global Hawk-ին («Գլոբալ Հոք»), տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը։
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն անօդաչու թռչող սարքերի պատրաստումը պատվիրել է Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ընկերությանը (TÜBİTAK), որն էլ իր հերթին սկսել է բանակցել ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։
Թուրքական հետախուզական կազմակերպությունը պահանջում է, որպեսզի ԱԹՍ-ը լինի թեթև, հնարավորինս երկար կարողանա մնալ օդում, ինչպես նաև բարձր որակի տեսանկարահանում և ձայնային հետախուզություն իրականացնի։
Դեռ հայտնի չէ, թե այն նախատեսված է Թուրքիայի տարածքում, թե այլ պետություններում հետախուզություն իրականացնելու համար։
Թուրքիայի տարածքում ԱԹՍ-ների կարիքը զգացվում է երկրի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում, որը խոշոր ճամբարներ ունի նաև Իրաքում, որտեղ ևս թուրքական ռազմաօդային ուժերը հաճախ են ներխուժում և անգամ ռմբակոծում Հյուսիսային Իրաքի տարածքը։
Նախագծի արժեքը, ըստ աղբյուրի, կազմում է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլար։
Նշենք, որ ամերիկյան «Գլոբալ Հոք» ԱԹՍ-ների մեկ միավորի մոտավոր արժեքն է 130 մլն ԱՄՆ դոլար։