ՄԱԿ-ի տեսուչները կրկին Դամասկոսում են

ՄԱԿ-ի փորձագետների խումբը, որն օգոստոսին մեկնել էր Սիրիա՝ Դամասկոսի մերձակայքում հավանական քիմիական հարձակումն ուսումնասիրելու, զեկույցը ներկայացնելուց հետո կրկին Սիրիա է ժամանել։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շվեդ պրոֆեսոր Օկե Սելսթրոմի գլխավորությամբ փորձագիտական խումբը պատրաստվում է հետազոտել քիմիական զենքի կիրառման այլ հավանական վայրերը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Սիրիայում քիմիական զենքը հակամարտության սկզբից մինչ օրս կիրառվել է ոչ պակաս, քան 13 անգամ։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ իրենց զեկույցում փորձագետները հաստատել էին օգոստոսի 21-ին Ղուտայում քիմիական զենքի օգտագործման դեպքը, սակայն խուսափել էին մեղավոր կողմին հիշատակելուց։

Հավելենք, որ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հաստատել էր, որ սեպտեմբերի 25-ին Սիրիայի տեսուչների խումբը՝ շվեդ պրոֆեսոր Օկե Սելսթրոմի գլխավորությամբ, մեկնելու է Դամասկոս՝ օգոստոսի 22-ին, 24-ին ու 25-ին հավանական քիմիական հարձակումները քննելու նպատակով։

Ավելի վաղ ռուսական կողմը ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը թերի էր որակել։

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նախօրեին շեշտել էր, որ Սիրիայի դեմ ուղղված «ագրեսիան լիովին չի չեզոքացել»։

ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *