Թուրքիայի նախկին նախագահի դեմ մեղադրանք է առաջադրվել հեղաշրջման գործով

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ քրեական գործ է հարուցվել 1997 թվականի փետրվարի 28-ի հեղաշրջման հետաքննության շրջանակներում։ Գործը բացվել է Էրզրումի (Կարինի) ծանր հանցագործությունները քննող չորրորդ դատարանում։

Սուլեյման Դեմիրել

Սուլեյման Դեմիրել

Դեմիրելը մեղադրվում է ռազմական հեղաշրջմանը մասնակցելու համար, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

89-ամյա Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2000 թվականներին։

Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացվեց «թավշյա հեղաշրջում», որը հայտնի է նաև հետմոդեռնիստական հեղաշրջում անունով:

1995 թվականին իսլամամետ «Բարօրություն» («Ռեֆահ») կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում և կոալիցիոն կառավարություն կազմեց «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ:
Թուրքիայի 54-րդ կառավարությունը ստացավ «Ռեֆահյոլ» անվանումը, իսկ այն գլխավորեց «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը:
Վարչապետ Էրբաքանի կաբինետն անմիջապես աչքի ընկավ իսլամի տարածմանն ուղղված քայլերով` դպրոցում ուսուցումը դարձավ 8 տարի, մտցվեցին Ղուրանի դասընթացներ, կանանց թույլատրվեց գլխաշորով այցելել ուսումնական և պետական հաստատություններ, կրոնական դպրոցների դիպլոմների աստիճանը զգալի բարձրացվեց:

Այս ամենը չէր կարող անարձագանք մնալ թուրքական զինվորական շրջանակներում. Թուրքիայի զինված ուժերը տասնամյակներ շարունակ եղել են պետության աշխարհիկ հիմքերի պաշտպանը:

Եվ այսպես, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (MGK) արտահերթ նիստ, որը շարունակվում է 9 ժամից ավել:

Նիստին մասնակցած բարձրաստիճան զինվորականները գործող կառավարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել կրոնական ազդեցության մեծացումը: Նիստից հետո զինվորականները կառավարությանն են ներկայացնում իրենց պահանջների փաթեթը, որով կոչ էր արվում անմիջապես հետ կանգնել կրոնական ուղղվածություն ունեցող որոշումներից:

Ճնշման ներքո Էրբաքանի կառավարությունը ստիպված է լինում հրաժարական ներկայացնել: Իսկ արդեն 1998 թվականի հունվար ամսին Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռում է փակել «Բարօրություն» կուսակցությունը` «պետության աշխարհիկ հիմքերը խարխլելու» մեղադրանքով:
Նշենք, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը «Բարօրության» կուսակցության ակտիվ գործիչներից է եղել և 1997 թվականին զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:

1998 թվականին Էրդողանը դատապարտվում է 1 տարվա ազատազրկման` Սղերթում ելույթի ժամանակ, ըստ դատարանի, «կրոնական, ազգային ատելություն տարածելու» մեղադրանքով` իսլամիստական բնույթի բանաստեղծություն արտասանելու համար:

Մասնավորապես, հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները` մեր զորանոցները, իսկ հավատացյալները` զինվորները» (իսկ այս տողերը պատկանում են երիտթուրքական և թուրք ազգայնական գաղափարախոս Զիյա Գյոքալփին):

Դատարանը հետագայում Էրդողանի 1 տարի ազատազրկումը դարձնում է 10 ամիս, ապա 4 ամիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *