Կասպյան նավատորմիղը տարվա ավարտին կստանա 2 հրթիռային նավ ու 1 կատեր

Կասպյան նավատորմիղը 2013-ի վերջին կհամալրի իր նավային կազմը՝ ստանալով 2 նավ ու 1 կատեր։ Համալրումը կատարվում է՝ համաձայն ՌԴ ռազմածովային նավատորմի վերազինման պետական ծրագրի։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ներկա դրությամբ ավարտվել են 21631 նախագծի փոքր հրթիռային «Գրադ Սվիյաժսկ» նավի մարտական ու շարժական փորձարկումները։ Նավը կառուցած Զելենոդոլսկի գործարանի թիմի անդամները նավի անձնակազմի հետ միասին անցկացրել են նավի հրետանային և այլ տիպի համակարգերի փորձարկումներ՝ առավելագույն բեռնվածության պայմաններում կրակի արձակման կիրառմամբ։ Բացի այդ, ստուգվել են նավի շարժական հնարավորությունները՝ 25 հանգույց արագությունը փոթորկային պայմաններում փորձարկելով։

Ըստ նույն աղբյուրի՝ փորձարկումները ցույց են տվել, որ նավը համապատասխանում է առաջադրված պայմաններին, և թերացումներ չեն հայտնաբերվել։

Նշենք, որ Կասպյան նավատորմիղը ներկայումս ընդունում է բազմաթիրախային նշանակության հակադիվերսիոն «Գրաչոնոկ» կատերը, որը Կասպից ծով է իջեցվել ընթացիկ տարվա օգոստոսի վերջին։ Պետական փորձարկումների է պատրաստվում նաև 21631 նախագծի փոքր հրթիռային առաջին սերիական «Ուգլիչ» նավը։

Ակնկալվում է պետական փորձարկումներն ավարտին հասցնել 2013-ի վերջին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *