Բրազիլիայի դաշնային շրջանում, որն իր կազմում ներառում է մայրաքաղաքը, արգելել են խաղալիք հրացանների ու ատրճանակների վաճառքը։ Այդ քայլով իշխանությունները նպատակ ունեն այս կամ այն չափով նվազեցնել հրազենի օգնությամբ իրականացվող հանցագործությունների թիվը, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։
Դաշնային շրջանի արդարադատության և մարդու իրավունքների վարչության պետ Ալիրիու Նետուն մեկնաբանել է, որ բռնության մշակույթը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է մանկությունից քայլեր ձեռնարկել, որպեսզի փոքրահասակ երեխան էլ գիտակցի՝ զենքը խաղալիք չէ։
Ընդ որում, շրջանի բոլոր խանութները պարտավորվում են 4 ամսվա ընթացքում ազատվել խաղալիք զենքի իրենց պաշարներից։ Պետությունը «տնտեսապես փոխհատուցելու է կրած վնասները»։
Նշենք, որ խաղալիք զենքի դեմ նախաձեռնությունը մեկնարկել է շրջանի Սեյլանդիա քաղաքից, որտեղ բռնություններն ու հանցանքները մեծ թիվ են կազմում։ Տեղաբնակ երեխաներին առաջարկել են հանձնել իրենց ունեցած խաղալիք զենքերն ու փոխարենը գրքեր ստանալ։
Հավելենք, որ շուրջ 200 մլն բնակչություն ունեցող Բրազիլիայում 2012-ին գրանցվել է 43 հազար բռնությամբ իրագործված հանցագործություն։ Դրա 73%-ը կազմում են հրազենի միջոցով կատարված հանցանքի դեպքերը։
Հիշեցնենք, որ դեռևս 2005-ին կառավարությունը հանրաքվե էր կազմակերպել՝ հրազենային զենքի ազատ վաճառքի դեմ, սակայն բնակչության 64%-ը դեմ էր քվեարկել։ Միևնույն ժամանակ ավելի վաղ՝ 2004-ին, իշխանությունները կամավոր զինաթափում էին նախաձեռնել խաղաղ բնակչության շրջանում, ինչի արդյունքում էլ առգրավել էին ավելի քան 600 միավոր հրազեն։