«Համասը» Ստրելա-2 ԶՀՀ է ցուցադրել

Պաղեստինյան «Համաս» խմբավորման ռազմական թևը ցուցադրել է «Ստրելա-2» կրովի զենիթահրթիռային համակարգ։

Ցամաք-օդ հրթիռները ցուցադրվել է «Համասի» ռազմական թևերից «Իզ ալ Դին ալ Քասսամ բրիգադների» Գազա քաղաքում սեպտեմբերի 14-ին անցկացված ռազմական շքերթի ժամանակ, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Ստրելա-2. Համաս

Ստրելա-2. Համաս

Այս հրթիռներն ավելի շատ ուղղված են Եգիպտոսի, քան Իսրայելի դեմ, քանի որ վերջին շրջանում Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին լարվածությունն աճել է։

Իսրայելի առավել ժամանակակից ռազմաօդային ուժերի համար «Ստրելա-2»-ն այնքան էլ մեծ վտանգ չեն ներկայացնում, մինչդեռ պաղեստինյան տարածքում չեն խուսափում նշել, որ կարող են իրենց ունեցած ցամաք-օդ հրթիռներն օգտագործել եգիպտական զինված ուժերի դեմ, եթե նրանք շարունակեն ակտիվություն ցուցաբերել Գազայի հատվածում և հարակից տարածքներում։

«ալ Քասսամի» ջոկատներում մոտավորապես 13 հազար մարդ է հաշվվում, որոնք լավ ուսուցում են անցնում։ Խմբավորումը գլխավորում է Մարվան Իսսան։
Նշենք, որ Սինայի թերակղզում հուլիսի սկզբից զգալի ակտիվացել են իսլամիստական խմբավորումները Եգիպտոսի նախագահ, իսլամամետ գործիչ Մուհամեդ Մուրսիի՝ զինվորականների կողմից պաշտոնանկությունից հետո։ Ներկայում Գազայի հատվածի մոտակայքում և Սինայի թերակղզում մարտեր են ընթանում Եգիպտոսի զինված ուժերի և այդ տարածքներում հաստատված զինված խմբավորումների միջև։

Նշենք, որ խորհրդային արտադրության «Ստրելա-2» զենիթահրթիռային համակարգը սպառազինության մեջ է ընդգրկվել 1960-ական թվականներին։ Այն առավել արդյունավետ է ցածր բարձրությամբ թռչող թիրախները ոչնչացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *