Քենիա. սպանվել է 5 ահաբեկիչ, ձերբակալվել 11-ը

Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան սեպտեմբերի 24-ին հեռուստաելույթով դիմել է իր երկրի քաղաքացիներին՝ հայտարարելով, որ 3 օր՝ սեպտեմբերի 25-ից մինչև 27-ը, երկրում ազգային սգո օրեր են լինելու:

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Նախագահի խոսքերով՝ Քենիան սգալու է Նայրոբիի առևտրի կենտրոնում ահաբեկիչների հարձակման պատճառով սպանված ավելի քան 70 հոգու մահը:

Միաժամանակ Քենիաթան հավաստիացրել է, որ պատանդների ազատման ու ահաբեկիչների չեզոքացման գործողությունները լիովին ավարտվել են: Կենտրոնի վրա հարձակումը կազմակերպել ու իրագործել է «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

Նախագահը մանրամասնել է, որ զոհվել է առևտրի կենտրոնի 61 այցելու, հակաահաբեկչական գործողության մասնակից 6 հոգի, կենտրոնի մի քանի հարկ փլվել է հրդեհի ու պայթյունների պատճառով: Սպանվել է 5 ահաբեկիչ, 11 կասկածյալ է ձերբակալվել: Նախագահը չի պարզաբանել՝ արդյոք 11 ձերբակալվածներն ահաբեկչության անմիջական մասնակիցներն էին, թե ահաբեկիչների համախոհները:

Հիշեցնենք, որ Քենիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան սկսել էին Նայրոբիում զինյալների կողմից գրավված առևտրի կենտրոնի գրոհը։

Քենիայի իրավապահ մարմիններին օգնության էին եկել նաև Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք, ըստ նախնական տեղեկության, անմիջական մասնակցություն չեն ունեցել պատանդների ազատմանը, աջակցել են՝ որպես խորհրդատու։ Իսրայելի միջամտությունը կապված էր թերևս այն հանգամանքի հետ, որ առևտրի կենտրոնը պատկանում է իսրայելցի գործարարներին։

Հարձակումը երկրին վնաս էր ոչ միայն մեծ թվով զոհերի, այլև դրանց շարքում այլ երկրների քաղաքացիների առկայության պատճառով, քանի որ Քենիայի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից, իսկ այս ահաբեկչական գործողություններից հետո առաջիկայում դժվար թե զբոսաշրջությունը եկամտաբեր լինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *