Սեպտեմբերի 16-ին Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը սահմանային ոստիկանության հրամանատար, գեներալ Հուսեյն Զյուլֆուհարի գլխավորությամբ, այցելել էր Ադրբեջան։
Կողմերը քննարկել էին սահմանային հատվածներում ահաբեկչության կանխման և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մանրամասները։
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայտնի է դարձել, որ Իրանի պատվիրակության քայլերից մեկը հանգեցրել է սկանդալի։
Համաձայն ադրբեջանական լրատվակայքերի տվյալների՝ Իրանի պատվիրակությունը հրաժարվել է այցելել Հեյդար Ալիևի գերեզման, ինչպես նաև այսպես կոչված «Շեհիդների ծառուղի»։ Ընդ որում, պատվիրակությունը հրաժարվել է մեկնաբանել իր քայլը։
Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ Էլչին Գուլիևը փորձել է համոզել իրանցիներին հետ կանգնել իրենց որոշումից և նախատեսված ծրագրին հետևելով՝ «վատ դրության մեր չդնել իրենց նախագահ Իլհամ Ալիևի առջև»։ Իրանի պատվիրակությունը տեղի չի տվել։
Հավելենք նաև, որ չի կայացել իրանցիների՝ ծրագրով նախատեսված այցը Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ակադեմիա։
Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ սոցցանցերում ու պաշտոնական աղբյուրներում չկան լուսանկարներ, որտեղ Իրանի պատվիրակությունը լիներ Հեյդար Ալիևի գերեզմանի մոտ կամ «Շեհիդների ծառուղում»։ Այս հանգամանքը ևս հաստատում է ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկությունների իսկությունը, որովհետև Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները պաշտոնական այցերի ժամանակ ցանկացած երկրի պատվիրակության անդամների՝ Հեյդար Ալիևի գերեզմանին կից լուսանկարները առաջինն էին տարածվում համացանցում։
Հավելենք, որ դեռևս օգոստոսի 20-ին հայտնի է դարձել՝ չի կայանալու Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի այցն Ադրբեջան։
Մասնավորապես, Իրանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է՝ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է համարել այցը»։
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որ այցի մասին վերջին տեղեկությունը մասամբ ստույգ չէ, քանի որ «այցը ոչ թե չի կայանալու, այլ պարզապես հետաձգվել է»։