ՄԱԿ-ի տեսուչները կրկին մեկնելու են Սիրիա

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հաստատել է, որ սեպտեմբերի 25-ին Սիրիայի տեսուչների խումբը՝ շվեդ պրոֆեսոր Օկե Սելսթրոմի գլխավորությամբ, մեկնելու է Դամասկոս՝ օգոստոսի 22-ին, 24-ին ու 25-ին հավանական քիմիական հարձակումները քննելու նպատակով։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Ավելի վաղ ռուսական կողմը ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը թերի էր որակել։

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նախօրեին շեշտել է, որ Սիրիայի դեմ ուղղված «ագրեսիան լիովին չի չեզոքացել»։

Ռյաբկովի խոսքերով՝ երբ սեպտեմբերի 18-19-ը ՌԴ պատվիրակությունը մեկնել էր Դամասկոս, բանակցությունների ընթացքում սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնել կատարել իր առջև դրված պահանջները։ «Մենք բազմիցս ասել ենք մեր արևմտյան գործընկերներին, որ Լիբիայի դասը լավ ենք սերտել։ Դիվանագիտական հարթակ դուրս գալով՝ այժմ անհրաժեշտ է նախատեսված քայլերը Սիրիայի հարցում իրականություն դարձնել՝ համագործակցելով Ասադի վարչակազմի հետ, քանի որ առանց համագործակցության քիմիական զենքն այդպես էլ չի ոչնչացվի»։

Նշենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությունը որպես «միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում է» որակել։

Այնուհանդերձ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը չի հանդիսանում «Սիրիայի քիմիական «զինաթափման» երաշխավորող»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Սիրիայի կառավարությունը Հաագայի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն է փոխանցել սեփական քիմիական պաշարների վերաբերյալ բոլոր տվյալները։

Համաձայն «Ռոյթերս» լրատվական գործակալության տեղեկությունների՝ դեռևս չի հաղորդվում, թե հստակ ինչ տվյալներ են Սիրիայի փոխանցած փաստաթղթերում։ Այնուհանդերձ, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնում են՝ կազմակերպությունում համոզված են, որ իրենց չեն փոխանցել անխտիր բոլոր տվյալները, քանի որ «Դամասկոսի մերձակայքում ավելի քան 1000 տոննա քիմիական թունավոր նյութերի տեղակայման վայրն է»։

ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *