ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի օդային տարածքի նախաձեռնության համագործակցության (CAI) զորավարժությունն ընդունել է Թուրքիան։ Ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներն անցկացվում են Սամսուն-Սվազ (Սեբաստիա)-Տրապիզոն շրջանների և Սև ծովի օդային տարածքներում սեպտեմբերի 23-24-ը։
Զորավարժությանը մասնակցում են նաև Թուրքիայի քաղաքացիական օդանավակայանները, այդ թվում Անկարայի Էսենբողա օդանավակայանը, ինչպես նաև Դիարբեքիրում տեղակայված Միացյալ օդային գործողությունների երկրորդ կենտրոնը։
Զորավարժության նպատական է ահաբեկիչների կողմից քաղաքացիական օդանավերն օգտագործելու դեմ համատեղ գործողությունների մշակումը և քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչների և զինծառայողների միջև համագործակցության զարգացումը։
Ռուսաստանից զորավարժությանը մասնակցում են 1 միավոր Տու-154 և 4 միավոր Սու-27 ռազմական ինքնաթիռներ։ Թուրքիան ներկայացված է 2 միավոր F-16 կործանիչներով, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
ՆԱՏՕ-ի երկրների և Ռուսաստանի միջև նման զորավարժություններն անցկացվում են 2002 թվականին ձեռք բերված համաձայնության հիման վրա։