ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները Նյու Յորքի օդային տարածքում կասեցրել են թվով 3 փոքր չափերի ինքնաթիռների թռիչքը։ Դրանք խախտել էին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի առիթով թռիչքների համար որոշ ժամանակով փակ գոտին։
Ինչպես սեպտեմբերի 23-ին հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քորնելիոն մանրամասնել է, որ հայտնաբերված ինքնաթիռները F-16 կործանիչների ուղեկցությամբ ուղղորդվել են դեպի մոտակա օդանավակայան։ Այստեղ ինքնաթիռների անձնակազմը ստուգվել է իրավապահ մարմինների կողմից։
Դեռևս տեղեկություններ չկան ինքնաթիռների օդաչուների՝ ահաբեկչության հետ առնչության վերաբերյալ։ Քորնելիոն ենթադրել է, որ օդաչուները պարզապես չեն իմացել Նյու Յորքում ժամանակավորապես գործող թռիչքների սահմանափակումների մասին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում։
Հայտնի է, որ աշխատանքներին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։