Ավարտվեցին «Վիկրամադիտիա» ավիակրի փորձարկումները

Սեպտեմբերի 20-ին «Սևմաշ» ընկերությունն ավարտել է «Վիկրամադիտիա» ավիակրի գործարանային փորձարկումները, որոնք մեկնարկել էին դեռ 2013 թվականի հուլիսի 3-ից։ Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

Նշենք, որ նավը Սպիտակ և Բարենցի ծովերում է դեռևս հուլիսի 3-ից։ Այս ընթացքում փորձարկվել են նավի արագությունը, մանևրելու կարողությունը, ինչպես նաև ավիացիոն-տեխնիկական սարքավորումներն ու ռադիոէլեկտրոնային սպառազինությունը։

2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն արդեն մի քանի անգամ այն հետաձգվել է։

«Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակը կոչվում է «Վիկրամադիտիա»։ Այս թեթև ավիակիր նավը նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռ և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռներ տեղափոխելու համար։

Առաջին անգամ ծովում փորձարկման է հանվել 2008 թվականին, որից հետո բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման է տարվել։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Փորձարկումներից հետո ավիակիրը նորից տարվել է վերանորոգման։
Ըստ ռուսական աղբյուրների՝ նավը իր վերջնական փորձարկումներն անցնում է 2013 թվականի հուլիսի 3-ից։
Նշենք, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։
Նավի հանձման ուշացման հետ փոփոխվել է նաև 2004 թվականին կնքված պայմանագրի նախնական գինը։ Այն հիմա գնահատվում է 2.3 մլրդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *