Յ. Խաչատուրովը հորդորել է հարցնել Ալիևին, իսկ Ս. Օհանյանը դիմել է զոհվածների հարազատներին. օրվա ամփոփում

1992թ. հունվարի 28-ին հիմնադրվեցին ՀՀ Զինված ուժերը: Այսօր օրվա խորհրդին և 20-ամյա ձեռքբերումներին են անդրադարձել մտավորականներն ու ազատամարտիկները: Իսկ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են բանակի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները:

  • «Յուրաքանչյուր տարի` մինչեւ 2015թ, մենք ձեռք ենք բերելու նոր սպառազինություններ, որոնք լինելու են հեռահար, ճշգրիտ եւ լուծելու են այն խնդիրները, որոնք դրված են բանակի առաջ»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
  • «20 տարվա ընթացքում  Հայաստանի զինված ուժերի կայացման ճանապարհին ամենակարեւոր ձեռքբերումը սպայական կազմի պատրաստվածության բարձր որակն է: … Իսկ թե ինչու են սկսել ավելի քիչ պատերազմի սպառնալիք տեղալ` հարցրեք Ալիևին»,- ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
  • «Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության և վերելքի»,- շնորհավորելով հայ ժողովրդին ԶՈՒ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
  • «ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով»,- դիմելով 20 տարիների ընթացքում զոհված զինծառայողների հարազատներին՝ ասել է Սեյրան Օհանյանը:
  • «Մենք պարտավոր ենք պահել, փայփայել և զարգացնել ձեռքբերումները, արդարացնել ժողովրդի վստահությունը, որոնք ունեցան մեր զինված ուժերը այս 20 տարվա ընթացքում»,- ՀՀ ՊՆ հոբելյանական նիստում ասել է Սեյրան Օհանյանը:
  • «Որպեսզի բանակը բանակ դառնա, ժամանակ է պետք: Եվ պետք է էդ մանուկին սիրել, որպեսզի էդ մանուկը մեծանա` մարդ դառնա: Եթե էդ մանուկին օրորոցի միջից սկսում են հարվածել, էդ մանուկից մարդ դուրս չի գալիս»,- վերահրապարակվել են Վազգեն Սարգսյանի խոսքերը:
  • «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը շարունակում է մնալ կենտրոնամետ` ուղղված Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ժողովրդի անվտանգության ու պաշտպանության երաշխավորմանը»,- ասել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
  • «Մեր բանակն ուժեղ բանակ է՝ դրա մասին երկու կարծիք լինել չի կարող»,- համոզմունք է հայտնել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
  • «Բանակում պետք է լինի կարգուկանոն, որ կարողանանք մեր երեխաներին հանգիստ ուղարկել բանակ»,- ասել է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
  • «Համոզված եմ, որ այդ քննադատողների կամ բանակի մասին խոսողների մեծ մասը ժամանակին կա՛մ խուսափել է զինվորական ծառայությունից, կամ խորապես համոզված եմ`ռազմական գործողությունների անհրաժեշտության դեպքում նրանք կխուսափեն կամ կկորչեն տեսադաշտից»,- ասել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը:
  • «Ես ուզում եմ մեր բանակի հանդեպ վերաբերմունքը փոխենք: Եթե զորակոչված տղային պետք է բացատրել, որ հարկավոր է հայրենիքը սիրել, ուրեմն մենք լուրջ մտածելու տեղ ունենք»,- ասել է ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:
  • «Բանակը միակ արժեքն է ՀՀ-ի, որ ցանկացած քաղաքացի գնահատում է որպես սրբացված մի վիճակ, որովհետև բոլորը գիտեն բանակի կարևորությունը»,- ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
  • «Քսան տարի անց հայոց բանակը շատ ավելի լավն է, քան ԽՍՀՄ բանակը»,- ասել է ազատամարտի տարիների հետախուզական ջոկատի հրամանատար Վլադիմիր Վարդանովը: Նա նաև հավելել է. «Ադրբեջանցին ռուսից գնում է կարևորագույն զինամթերքներ, իսկ հայերը սեփական խելքի շնորհիվ կարողացան դա ունենալ, ստեղծել: Դեռևս պատերազմական տարիներին մեր մարտունակությամբ ու խելքով , ոչ մի բանով չենք զիջել թշնամուն: Մենք կարող ենք մշակել սեփական ծրագրերը»:
  • «Ազատության մեջ մենք պետք է հաշվի առնենք բանակի կարևորությունը և չարտասանենք կամ չգրենք որևէ բառ, տառ, որը կարող է վնաս հասցնել մեր բանակի կայացմանը»,- ասել է բլոգեր Արմեն Հովհաննիսյանը:
  • «Հիմա բանակում սնունդից չէ, որ խոսում են`թե այն լավը չէ: Հարաբերություններն են սարսափելի: Հաճախ համեմատություններ են անցկացնում, թե բանակը գաղութատիրական մի վայր է, քանզի բնույթն է դիրեկտիվային»,- տեսակետ է հայտնել հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
  • «Բանակը մեզանում գործող ամենաարդյունավետ օղակներից մեկը կարելի է համարել, քանի որ տարիներ շարունակ այն մեր երկրի ու մեր ֆիզիկական անվտանգությունն է ապահովում` կատարելով իր ֆունկցիան, չնայած թշնամու սադրանքներին ու այնտեղ տիրող իրավիճակին: Սակայն սա չի նշանակում, որ խնդիրներ չկան»,- ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
  • Հրապարակախոս Արա Նեդոլյանն էլ տեսակետ է հայտնել, ըստ որի. «ՀՀ քաղաքացին բանակում զրկված է տարրական մարդկային իրավունքներից, դիտարկվում է ավազակապետության կողմից իբրև ստրուկ, ճորտ, որի կյանքը ոչ մի բան չարժի»:
  • « Մեկ տարվա ընթացքում ոչ թե բանակում բարեփոխումներ նկատվեցին, այլ փոփոխված, առավել գիտակից հասարակություն ձևավորվեց»,- գրում է 1in.am-ը:
  • «Այն ժամանակվա պատերազմող մարդիկ իրենց գաղափարի համար են գնացել, ոչ թե ինչ-որ բանի կամ ինչ-որ մեդալի համար: Իրենց մեջ իրենք հակասություն չեն ունեցել, իրենք պատրաստ են եղել զոհվելու, իրենց գաղափարով ամենամեծ արժեքը պարտադրված պատերազմ հաղթելն էր, որը արվել է: Իսկ մնացածը` թե ով ոնց է ներկայացնում, իրենց հետաքրքիր չի, ինձ էլ հետաքրքիր չի, թե ով առաջինը մտավ այսինչ տեղը: Կարեւորը գաղափարն է, որ այսօր ունենք հաղթանակ, քանի հազար տարի հետո ունենք ազատագրված հողեր»,- «26» դիրքի հրամանատար Յուրա Հովհաննիսյանի մասին պատմելիս ասել է որդին` Վահե Հովհաննիսյանը:
  • «Մինչեւ հիմա մենք միայն հանձնել ենք հողերը թշնամուն, եւ հոգեբանությունն այնպիսին է, որ ազգի մեջ դիմադրական ոգին շատ թուլացել է: Դա նրանից է գալիս, որ մեր ազգի մտավորականությունը կազմողները հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձեւը չգիտեն: Իսկ այստեղ, փաստորեն, մեր ազգի ֆորպոստն է’ Գետաշենը, Շահումյանը, Արցախը, Զանգեզուրը: Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ, եւ սրանք դատարկ խոսքեր չեն, դա իրոք այդպես է: Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է հարձակվել, կտրել ճանապարհները եւ կրկնել 15 թիվը»,-1991թ. մարտին Շահումյանում տված հարցազրույցում ասել է Լեոնիդ Ազգալդյանը: Խոսքերը, նրա մասին պատմող հոդվածը վերահրապարակելով, մեջբերել է hetq.am-ը:
  • «Այնտեղ, եվրոպաներում, թե ինչ է կատարվում մեր գործը չէ, մենք մինչեւ վերջ կռվելու ենք»,- կրկին, վերահրապարակվել են Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանի խոսքերը՝ միաժամանակ անդրադարձ կատարելով նրա անցած ուղուն:

Վերջում նշենք, որ անցնող շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին կրկին խաղաղ չի եղել և ադրբեջանցիները շարունակել են խախտել հրադադարը: Ըստ այդմ, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *