Հոկտեմբերի 1-ին Տաջիկստանի խորհրդարանի Ստորին պալատը քննարկելու է երկրում տեղակայված ռուսական 201-րդ ռազմական բազայի վերաբերյալ համաձայնագրի հարցը։
Ստորին պալատի խոսնակի մամուլի քարտուղարը մեկնաբանել է, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստորին պալատի խոսնակ Շուխուրջոն Զուհուրովի գլխավորությամբ կայացած նիստը քննարկել է ՌԴ 201-րդ ռազմաբազայի՝ ռուս-տաջիկական միջպետական համաձայնագրի շրջանակներում Տաջիկստանում մնալու ժամկետներն ու պայմանները։ Որոշում է կայացվել քննարկումը առավել հանգամանորեն ծավալել հոկտեմբերի 1-ին Ստորին պալատի նիստին։
Հիշեցնենք՝ վերոհիշյալ միջպետական համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ-ի ու Տաջիկստանի միջև 2012-ի հոկտեմբերին։ 2013-ի մայիսին ՌԴ-ն վավերացրել է պայմանագիրը, իսկ սեպտեմբերի 18-ին Տաջիկստանի նախագահը վավերացման համաձայնությունն ուղարկել է իր երկրի խորհրդարանին։
Տաջիկստանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Սուհրոբ Շարիպովն ասել է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին, որ համաձայնագիրն ամեն դեպքում կվավերացվի, քանի որ «համաձայնագիրը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Տաջիկստանի շահերին»։ Պատգամավորն ընդգծել է, որ ՌԴ ռազմաբազայի առկայությունը կարևորվում է 2014-ին նախատեսված ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերելու հանգամանքներում։
Հավելենք, որ 201-րդ ռազմաբազան ձևավորվել է 2004-ին՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն տեղակայված է Դուշանբե, Քուլյաբ և Կուրղան-Թյուբե քաղաքներում։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ 2012-ի հուլիսի սկզբին ՌԴ-ն պաշտոնապես մեղադրել է Տաջիկստանի իշխանություններին ռազմաբազայի վարձակալության երկարացման «անընդունելի պայմաններ» առաջադրելու հարցում՝ կասեցնելով բազայի ֆինանսավորումը։ Խրթին բանակցություններից հետո կողմերը եկել են համաձայնության՝ բազայի տեղակայումը երկարաձգելով մինչև 2042-ը։