Շվեյցարիան դեմ քվեարկեց զորակոչը չեղյալ հայտարարելուն

Շվեյցարացիների մեծամասնությունն ազգային հանրաքվեի ժամանակ դեմ է քվեարկել երկրի զինված ուժերի զորակոչը չեղյալ հայտարարելուն։ Նման տվյալներ են ստացվել էքզիթ փոլի տվյալներին։

Մասնավորապես, Շվեյցարիայի քաղաքացիների 73 տոկոսը սեպտեմբերի 22-ի հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել զորակոչը չեղյալ հայտարարելու պացիֆիստների նախաձեռնությանը։ Հանրաքվեի նախաձեռնողը եղել է Շվեյցարիան առանց բանակի միությունը (GSoA): Միությունն ընդունել է նախաձեռնության ձախողումը, իսկ նրա ղեկավարներից Նիկոլայ Պրավձիչը հայտարարել է, որ «ըստ ամենայնի, բանակը շվեյցարացիների ինքնագիտակցության անբաժանելի մասն է»։

Պացիֆիստների նախաձեռնությանը կողմ էին նաև ձախաթևյան քաղաքական ուժերը, իսկ ահա աջերը կտրականապես դեմ էին այս քայլին։

Նմանատիպ հանրաքվեներ էին անցկացվել նաև 1989 և 2001 թվականներին, սակայն այդ ժամանակ ևս շվեյցարացիները կողմ էին արտահայտվել զորակոչի պահպանմանը։
Չեզոք պետության կարգավիճակ պահպանող Շվեյցարիայում զինապարտ են 19-34 տարեկան տղամարդիկ։ Շարքային ծառայության համար ոչ պիտանի անձինք, ովքեր հաշմանդամ չեն, մինչ 30 տարեկանը պարտավոր են հատուկ հարկ վճարել։
Շվեյցարիայի զինված ուժերի թվաքանակը շուրջ 135 հազար մարդ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *