Քենիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր՝ սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան, սկսել են Նայրոբիում զինյալների կողմից գրավված առևտրի կենտրոնի մի հատվածի գրոհը։ Քենիայի իրավապահ մարմիններին օգնության են եկել նաև Իսրայելի հատուկ նշանակության ծառայությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ նախնական տեղեկության, անմիջական մասնակցություն չեն ունեցել պատանդների ազատմանը, աջակցել են՝ որպես խորհրդատու։
Իսրայելի միջամտությունը կապված է թերևս այն հանգամանքի հետ, որ առևտրի կենտրոնը պատկանում է հրեա գործարարներին։ Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, երկրի իրավապահ մարմիններին հղում տալով, պարբերաբար պայթյունի ու կրակոցների ձայներ են լսվում՝ առավոտից ի վեր։
Իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել։ Ենթադրվում է, որ առևտրի կենտրոնում ներկայումս 10-15 ահաբեկիչ կա։
Հիշեցնենք, որ «ալ Շաբաբ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման զինյալները սեպտեմբերի 21-ին գրավել էին «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի մասնաշենքը՝ պատանդ վերցնելով այցելուներին և աշխատակիցներին։
Նշենք, որ ահաբեկիչները գրոհից անմիջապես հետո բաց էին թողել կենտրոնում գտնվող բոլոր մուսուլմաններին, ապա կրակ էին բացել մնացյալ հաճախորդների ու կենտրոնի աշխատակիցների վրա։ Հարձակման պահին մասնաշենքում մոտ 1000 մարդ է եղել։
Քենիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների պատանդների ազատման գործողությունը մեկնարկել է սեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան։ Ժամեր անց իշխանությունները հայտնել են, որ պատանդների մեծամասնությանն ազատել են, մասնաշենքն էլ գրեթե ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է անցել։ Շեշտվել է նաև, որ փորձում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի խաղաղ բնակիչներից որևէ մեկը չտուժի։
Զինյալներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ հարձակումը պատասխան է Սոմալիում Քենիայի զինծառայողների՝ իսլամիստների դեմ գործողությունների մասնակցությանը։
Նախնական տվյալներով՝ ահաբեկիչների հարձակման զոհ է դարձել 68 հոգի, վիրավորվել՝ 300-ը, այդ թվում՝ այլ երկրների քաղաքացիներ։
Սպանվածների շարքում են նաև Քենիայի նախագահի ընտանիքի անդամները։
Հարձակումը երկրին վնաս էր ոչ միայն մեծ թվով զոհերի, այլև դրանց շարքում այլ երկրների քաղաքացիների առկայության պատճառով, քանի որ Քենիայի տնտեսությունը կախված է տուրիզմից, իսկ այս ահաբեկչական գործողություններից հետո առաջիկայում դժվար թե տուրիզմը եկամտաբեր լինի։
Pingback: Սոմալիում մեքենա է պայթեցվել Թուրքիայի պատվիրակությանն ընդունող հյուրանոցի մոտ | Ռազմ.info