«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման սիրիական ճյուղի ղեկավար Աբու Աբդալլահ ալ Լիբին սպանվել է սիրիական Իդլիբ շրջանում սեպտեմբերի 22-ին։ Իսլամիստ առաջնորդի սպանության տեղեկությունը հաստատել է Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը։
Աբու Աբդալլահ ալ Լիբին սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության ևս 30 զինյալի հետ սիրիական ապստամբների մեկ այլ խմբավորման՝ «Սիրիական ազատ բանակի» անդամների դեմ Հազանո քաղաքի մոտակայքում բախումների ժամանակ, փոխանցում է AFP-ն։
«ալ Արաբիայի» փոխանցմամբ՝ «Սիրիական ազատ բանակի» ղեկավարությունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, թե իրենք կապ չունեն իսլամիստ ղեկավարի սպանության հետ։
Նշենք, որ վերջին շրջանում Սիրիայում լուրջ տարաձայնություններ ու բախումներ են նաև ծայրահեղ իսլամիստ և ավելի չափավոր հայացքներ ունեցող ապստամբների միջև։
Մասնավորապես, վերջերս հաճախ են տեղեկությունները մի կողմից իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և մյուս կողմից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումների միջև աճող լարվածության և անգամ մարտերի մասին։
Այսպիսով, սիրիական հակամարտությունը վերածվում է եռակողմ պատերազմի Սիրիայի կառավարական զորքերի, ծայրահեղ իսլամիստների և «աշխարհիկ» ապստամբների միջև։
Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։