ԱՄՆ ՌԾՈւ ուղղաթիռը Կարմիր ծովում վթարի է ենթարկվել

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կարմիր ծովի տարածքում։ Ուղղաթիռի ուղևորները թվով 5 զինծառայողներ էին։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ ՌԾՈւ կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը, փրկարարական աշխատանքներին մասնակցում են ինքնաթիռներ ու նավեր։

MH-60S Knighthawk ուղղաթիռ

MH-60S Knighthawk ուղղաթիռ

Հայտնի է, որ կործանված MH-60S Knighthawk ուղղաթիռն ուղեկցում էր «Ուիլյամս Լորենս» էսկադրոնային ականակիր նավին։

Ամերիկյան NBC News հեռուստաընկերությունը հայտնում է, որ վթարը գրանցվել է ականակիր նավի տախտակամածին վայրէջք կամ դրանից թռիչք կատարելու ժամանակ։ «Ռոյթերս» լրատվական գործակալությունն էլ, հղում տալով ԱՄՆ ՌԾՈւ-ի աղբյուրներին, գրում է՝ ուղղաթիռի վթարի պատճառը «թշնամական բնույթի որևէ գործողություն չէ»։

Հավելենք, որ ԱՄՆ ՌԾՈւ խմբավորումը, որի կազմում են ատոմային ավիակիր «Նիմից» նավը, 3 ականակիր նավ ու հածանավ, Կարմիր ծով է դուրս եկել սեպտեմբերի սկզբին։ ԱՄՆ զինվորականները նախատեսել էին խմբավորումը կիրառել Սիրիայի դեմ հնարավոր ռազմական միջամտության դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *