Հայերենն անկախության ձեռքբերումներից է. Արմինե Ստեփանյան

Ես Եռաբլուրից եմ գալիս, ցանկացած տոնակատարությունից առաջ պետք է գնալ Եռաբլուր, հզորանալ և շարունակել սովորական տոնը: Սովորական, քանի որ հայը ցանկացած օր կարող է տոնի վերածել: Այս մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ.Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը` Դուշման Վարդանի քույրը:

Աիդա Սերոբյանը և Արմինե Ստեփանյանը

Աիդա Սերոբյանը և Արմինե Ստեփանյանը

«Այն, որ հայերենը մեր պետական լեզուն է, հայ մարդու լեզուն է, նույնպես անկախության ձեռքբերումներից է: Հայերեն խոսել նշանակում է աստվածային լեզվով խոսել, մաքրամաքուր հայերեն խոսել նշանակում է մաքրամաքուր կյանքով ապրել, որովհետև վատ մտքեր հայերեն ուղղակի չեն հնչում: Ես ապրել եմ սովետական հասարակարգում և գիտեմ, թե ինչ է այդ անկախությունը: Դուք հիմա հայ ժողովրդի պատմություն կարող եք ուսումնասիրել ինչպես հարկն է, իսկ մենք չունեինք դրա հնարավորությունը»,- նշեց Դուշման Վարդանի քույրը:

Լրագրողների հետ հանդիպման էր եկել նաև «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Սերոբյանի համար անկախությունը կռվի դաշտից է սկսվում, երբ տղաները մոտեցել ու ասել են. «ժողովուրդ, կռիվը պրծալ է»:

«Անկախության համար մենք արյուն ենք թափել, բազում զոհեր ենք տվել: Այսօր յուրաքանչյուրիս պարտքն է սիրել ու պահել մեր անկախությունը: 22 տարի առաջ մենք ուղղակի երազում էինք անկախություն ունենալու մասին: Վստահ եմ, դուք չեք կարող մեզ նման գնահատել այն: Ձեզնից շատերը նկուղներից են լույս աշխարհ եկել, և հիմա դուք անկախության սերունդ եք»,- ներկայացրեց Աիդա Սերոբյանը:

Ըստ Աիդա Սերոբյանի` սխալներ բոլորն էլ ունենում են, բայց կարևոր է կարճ ժամանակում տեսնել սեփական սխալն ու այլևս չկրկնել այն: «Հիմա կցանկանամ, որ մի քիչ ավելի գնահատվեն կամավոր կռիվ գնացած ազատամարտիկները: Դրա կարիքն իսկապես կա»,- պնդեց գնդապետ Սերոբյանը:

«Անկախությունը, հայրենիքը պետք է տղաները պահեն, իսկ աղջիկներն ավելի կարևոր գործ ունեն` պետք է շատ զավակներ ունենալ: Հայ մարդն իսկապես կարող է այս երկիրը դրախտավայր դարձնել, եթե ամեն մեկն իր գործով զբաղվի: Որ երեխան իմ պատճառով դպրոցից չհիասթափվի, որ հրամանատարը միշտ զինվորի կողքին լինի»,- եզրափակեց Արմինե Ստեփանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *