Սիրիան Հաագային է փոխանցել քիմիական պաշարների իր տվյալները

Սեպտեմբերի 20-ին Սիրիայի կառավարությունը Հաագայի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն է փոխանցել սեփական քիմիական պաշարների վերաբերյալ բոլոր տվյալները։

Նշենք, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը միջազգային կառույց է, որը կոչված է հետևելու աշխարհի շուրջ 190 երկրների կողմից ստորագրված, քիմիական զենքի կիրառումն արգելող կոնվենցիայի պայմանների կատարման գործընթացին։

Համաձայն «Ռոյթերս» լրատվական գործակալության տեղեկությունների՝ դեռևս չի հաղորդվում, թե հստակ ինչ տվյալներ են Սիրիայի փոխանցած փաստաթղթերում։ Այնուհանդերձ, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնում են՝ կազմակերպությունում համոզված են, որ իրենց չեն փոխանցել անխտիր բոլոր տվյալները, քանի որ «Դամասկոսի մերձակայքում ավելի քան 1000 տոննա քիմիական թունավոր նյութերի տեղակայման վայրն է»։

Հավելենք, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հետաձգել է սեպտեմբերի 22-ին ծրագրած, Սիրիայի քիմիական պաշարների վերաբերյալ քննարկումները։ Դրանք հետաձգվել են թերևս անորոշ ժամանակով։ Քննարկումների ընթացքում նախատեսվում էր անդրադառնալ նաև Սիրիայի քիմիական «զինաթափման» ծրագրին, որը ռուս-ամերիկյան խորհրդակցությունների և համատեղ հայտարարությունների արդյունք է։

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գնահատել է իր երկրում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացի պահանջվող ծախսերը 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Նա հավաստիացրել է, որ գործընթացը կարող է տևել մոտ 1 տարի, որոշ չափող էլ վնասակար ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Իր հերթին Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է,ր որ Գերմանիան պատրաստ է 2 մլն եվրո (2 մլն 676 հազար ԱՄՆ դոլար) հատկացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու գործընթացին։

ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *