Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լուրեր են տարածվել, որ Սիրիայի զինյալների շրջանում լուրջ տարաձայնություններ կան, և արդեն իսկ կարելի է խոսել ոչ թե երկկողմ, այլ եռակողմ հակամարտության մասին։
Խոսքը գնում է ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսությամբ աչքի ընկնող և «ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող «ալ Նուսրայի ճակատ» և «Իրաքի և ալ-Շամի (Լևանտի) իսլամական պետություն» զինյալների խմբավորումների և չափավոր իսլամի ջատագով, այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման տարաձայնությունների մասին։
Սեպտեմբերի 18-ին թուրք-սիրիական սահմանին կից Ազազ քաղաքում բախումներ են գրանցվել վերոնշյալ խմբավորումների միջև։ Համաձայն աղբյուրներից մեկի՝ սպանվել է 5 ծայրահեղ իսլամիստական ուղղության զինյալ։ Մեկ այլ աղբյուր գրում է 15 պատանդի մասին, ընդհանուր առմամբ 6 զոհ է գրանցվել, որոնց թվում խաղաղ բնակիչներ են։ Կան տեղեկություններ, որ զոհերի թիվը շատ ավելի է։
Բախումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ ծայրահեղ իսլամիստները փորձել էին առևանգել Ազազի կենտրոնական հիվանդանոցում այլ եվրոպական երկրներից ժամանած բժիշկների հետ աշխատող, Գերմանիայի քաղաքացի մի բժշկի։ «Սիրիական ազատ բանակ» զինյալների խմբավորման անդամներին հաջողվել է կանխել առևանգումը՝ պատասխան կրակ բացելու արդյունքում։
Այնուհանդերձ, նշված բախման և ապագայում էլ սպասվելիք բախումների իրական պատճառը, ըստ վերլուծաբանների, Ազազ քաղաքի ռազմավարական նշանակությունն է և զբաղեցրած դիրքը, ուստի զինյալների խմբավորումներից յուրաքանչյուրը ցանկանում է գերակա լինել քաղաքում։ Ազազի միջոցով զինյալները Թուրքիայից օգնություն են ստանում, ինչը ենթադրում է թե´ ռազմական, թե´ հումանիտար օգնություն։ Քաղաքը վերահսկող կողմն ունակ կլինի նաև նյութական ռեսուրս ունենալ։
Հավելենք, որ Թուրքիան Ազազում արյունալի բախումներից հետո փակել է սահմանը՝ «ելնելով անվտանգության նկատառումներից»։ Ընդ որում, «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտոնական աղբյուրներից իրենց լրագրողին տեղեկացրել են՝ «պարզ չէ, թե ներկա դրությամբ ինչ է կատարվում Ազազում, ուստի պարզ չէ նաև, թե որքան ժամանակով փակ կլինի հումանիտար օգնության ճանապարհը»։
Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։