Գիտնականներն ուսումնասիրում են իշամեղվին՝ անօդաչու թռչող սարքերը կատարելագործելու համար

Հարվարդի համալսարանի գիտնականները սկսել են ուսումնասիրել իշամեղվի թռիչքի առանձնահատկությունները վատ եղանակային պայմաններում, որպեսզի ստացված գիտելիքներն ապագայում կիրառվեն անօդաչու թռչող սարքերի ստեղծման գործընթացում:

Ինչպես հաղորդում է BBC News լրատվական գործակալությունը, ուսումնասիրման համար ընտրել են հենց իշամեղուներին, քանի որ վերջիններս են կարող եղանակային ցանկացած, այդ թվում՝ խիստ քամու պայմաններում, անարգել թռչել:

Հարվարդի համալսարանի դոկտոր Սրիդհարթ Ռավիի խոսքերով՝ ամենաժամանակակից ԱԹՍ-ները, որոնց թևերի բացվածքը 25 սմ-ից քիչ է, ունակ չեն թռչելու նույնիսկ թեթև քամու պայմաններում: Միևնույն ժամանակ, միջատներից շատերի համար քամին խոչընդոտ չէ:

Նշենք, որ իշամեղուների թռիչքի յուրահատկությունները հետազոտվում են հատուկ պատրաստված, մեծ արագությամբ նկարող մի քանի տեսախցիկներով օժտված աերոդինամիկ խողովակում: Ստացված բոլոր տեսագրումներն ուսումնասիրվում են նաև դանդաղեցված տարբերակով: Մասնավորապես, գիտնականներին հետաքրքրում է, թե ինչպես է միջատը հարմարվում օդային հոսանքների հաճախակիության փոփոխություններին:

Ըստ տեսագրությունների՝ քամու արագացման դեպքում իշամեղուն նվազեցնում է թռիչքի արագությունը, որպեսզի դյուրին կերպով կանոնավորի թռիչքի հետագիծը՝ համապատասխանեցնելով օդային հոսանքների ուղղությանը: Պարզվել է նաև, որ իշամեղուն առավել զգայուն է քամու այն պոռթկմանը, որը շեղում է իր հետագիծը դեպի աջ կամ ձախ, քան դեպի ներքև կամ վերև:

Հավելենք, որ Հարվարդի գիտնականները պատրաստվում են առաջիկայում ուսումնասիրել այլ միջատների, այդ թվում՝ մեղվի թռիչքի բնութագրիչ գծերը, հատկապես երբ նա ծաղկափոշի է հավաքում: Չի բացառվում, որ ստացված արդյունքներն օգտագործվեն փոքր չափերի անօդաչու թռչող սարքերի նախագծման մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *