ՆԱՏՕ-ն նոյեմբերին զորավարժություն է անցկացնելու Լատվիայում ու Լեհաստանում

ՆԱՏՕ-ն նոյեմբերի 2-ին զորավարժություններ է անցկացնելու Լատվիայում և Լեհաստանում։ Դրանք դառնալու են 2006-ից հետո ՆԱՏՕ ուժերի ամենամասշտաբային վարժանքները Հյուսիսային Եվրոպայում։

Այս մասին սեպտեմբերի 18-ի ասուլիսին հայտնել է ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի հրամանատար, ԱՄՆ ԶՈւ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։

«Սթեդֆասթ Ջազ» (Steadfast Jazz) անունը կրող զորավարժությունների՝ նախապես գրված սցենարով՝ ՆԱՏՕ անդամ երկրները ենթարկվել են ագրեսիայի պայմանական հակառակորդի կողմից։ Ընդ որում, Բրիդլավը ժխտել է այն լուրը, ըստ որի՝ պայմանական հակառակորդի դերում նկատի են ունեցել Ռուսաստանին։

Հայտնի է նաև, որ վարժանքներին մասնակցելու է շուրջ 6 հազար զինծառայող 20 երկրից, որոնց մի մասը ՆԱՏՕ անդամ է, իսկ մնացյալները՝ գործընկե երկրներ, որոնք դեռևս դաշինքի կազմում չեն։ Կիրառվելու են ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը, թերևս նաև՝ հատուկ ծառայությունները։ Ուկրաինան ուղարկելու է իր ծովային դեսանտային զինծառայողներին։

Ինչպես հաղորդել է հոլանդական Բրունսսում քաղաքի շտաբի պետ, Ֆրանսիայի ԶՈւ գեներալ Միշել Յակոֆլևը, վարժանքների սցենարը ենթադրում է լայնամասշտաբ կիբերհարձակումներին դիմակայում ևս։

Գեներալ Բրիդլավն ընդգծել է, որ ՌԴ զինվորականները հրավիրված են զորավարժություններին անկախ դիտորդների տեսքով։ ՌԴ ԶՈւ-ն էլ իր հերթին հրավիրել է ՆԱՏՕ ներկայացուցիչներին՝ Բելառուսի ու Կալինինգրադի զորավարժարաններում անցկացվելիք «Արևմուտք-2013» զորավարժություններին ներկա լինելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *