Թուրքիայում Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով հետաքննության շրջանակներում դատախազությունը պահանջել է մանրակրկիտ ուսումնասիրել այդ ժամանակ պաշտոնավարած զինվորականների հաշիվներն ու ունեցվածքը:
Համապատասխան որոշումն ընդունել է Անկարայի հանրապետական դատախազ Մուսթաֆա Բիլգիլին։ Դատախազի կարգադրությամբ մանրամասն ստուգվելու է 1997 թվականի փետրվարին Թուրքիայի զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցնող գեներալների և ծովակալների ներկայիս ֆինանսական վիճակը, նրանց մոտ ազգականների ունեցվածքը, բանկային հաշիվները և այլն։ Ուսումնասիրությունից հետո փաստաթուղթ է կազմվելու, որը պետք է կցվի Փետրվարի 28-ի գործին։
Նշենք, որ Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 2-ին: Գործով անցնում է 103 զինվորական: Դատավարությունն անցկացվում է Անկարայի ծանր հանցագործողությունները քննող 13-րդ դատարանում։
Գործով անցնող հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն է, որի համար մեղադրող կողմը պահանջելու է առավելագույն պատիժ, այն է` ցմահ ազատազրկում:
Հետաքրքիր է, որ համանման պատիժներ են պահանջում նաև գործող անցնող մյուս 102 մեղադրյալի համար:
Նշենք, որ այս գործով հետաքննությունը սկսվել էր հեղաշրջումից շուրջ 14 տարի անց միայն, երբ համապատասխան թուրքական օրենքներն իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ փոփոխություններ էին ենթարկվել և հնարավոր էր դարձել զինվորականների պատասխանատվության կանչել:
Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցավ «թավշյա հեղաշրջում», որը հայտնի է նաև հետմոդեռնիստական հեղաշրջում անունով:
1995 թվականին իսլամամետ «Բարօրություն» («Ռեֆահ») կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում և կոալիցիոն կառավարություն կազմեց «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ:
Թուրքիայի 54-րդ կառավարությունը ստացավ «Ռեֆահյոլ» անվանումը, իսկ այն գլխավորեց «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը:
Վարչապետ Էրբաքանի կաբինետն անմիջապես աչքի ընկավ իսլամի տարածմանն ուղղված քայլերով` դպրոցում ուսուցումը դարձավ 8 տարի, մտցվեցին Ղուրանի դասընթացներ, կանանց թույլատրվեց գլխաշորով այցելել ուսումնական և պետական հաստատություններ, կրոնական դպրոցների դիպլոմների աստիճանը զգալի բարձրացվեց:
Այս ամենը չէր կարող անարձագանք մնալ թուրքական զինվորական շրջանակներում. Թուրքիայի զինված ուժերը տասնամյակներ շարունակ եղել են պետության աշխարհիկ հիմքերի պաշտպանը:
Եվ այսպես, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (MGK) արտահերթ նիստ, որը շարունակվում է 9 ժամից ավել:
Նիստին մասնակցած բարձրաստիճան զինվորականները գործող կառավարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել կրոնական ազդեցության մեծացումը: Նիստից հետո զինվորականները կառավարությանն են ներկայացնում իրենց պահանջների փաթեթը, որով կոչ էր արվում անմիջապես հետ կանգնել կրոնական ուղղվածություն ունեցող որոշումներից:
Ճնշման ներքո Էրբաքանի կառավարությունը ստիպված է լինում հրաժարական ներկայացնել: Իսկ արդեն 1998 թվականի հունվար ամսին Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռում է փակել «Բարօրություն» կուսակցությունը` «պետության աշխարհիկ հիմքերը խարխլելու» մեղադրանքով:
Նշենք, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը «Բարօրության» կուսակցության ակտիվ գործիչներից է եղել և 1997 թվականին զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:
1998 թվականին Էրդողանը դատապարտվում է 1 տարվա ազատազրկման` Սղերթում ելույթի ժամանակ, ըստ դատարանի, «կրոնական, ազգային ատելություն տարածելու» մեղադրանքով` իսլամիստական բնույթի բանաստեղծություն արտասանելու համար:
Մասնավորապես, հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները` մեր զորանոցները, իսկ հավատացյալները` զինվորները» (իսկ այս տողերը պատկանում են երիտթուրքական և թուրք ազգայնական գաղափարախոս Զիյա Գյոքալփին):
Դատարանը հետագայում Էրդողանի 1 տարի ազատազրկումը դարձնում է 10 ամիս, ապա 4 ամիս: