Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գնահատել է իր երկրում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացի համար պահանջվող ծախսերը։
Ասադի խոսքերով՝ դրանք կկազմեն շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին նա հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Սիրիայի նախագահը հավաստիացրել է, որ գործընթացը կարող է տևել մոտ 1 տարի, որոշ չափով էլ վնասակար ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։
Նշենք, որ հարցազրույցի ընթացքում Ասադը հերթական անգամ հերքել է կառավարական զորքերի՝ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում՝ Ղուտայում, քիմիական զենքի կիրառման հետ առնչության տեղեկությունը։
Ասադը համոզված է, որ քիմիական հարձակումն իրականացրել են զինյալները, որոնք կամ ինքնուրույն են ստեղծել նյարդակաթվածային թունավոր զարին գազը կրող հրթիռը կամ նրանց տրամադրվել է դրսից։ Նա չի մանրամասնել, թե որ երկրները կարող էին քիմիական զենք տրամադրել զինյալներին։
Եզրափակելով խոսքը՝ Բաշար Ասադը կրկին պատրաստակամություն է հայտնել տրամադրել իրենց ունեցած քիմիական զենքի պաշարների ցուցակը և դրա պահպանպան վայրեր անարգել թողնել միջազգային կազմակերպությունների փորձագետներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան դեռևս հետ չեն կանգնել այն մտքից, որ Սիրիայում քիմիական զենքը կիրառել են կառավարական զորքերը։ Այնուհանդերձ, իրենց համոզմունքը փաստերով ու ապացույցներով չեն հիմնավորել։
Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։
Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։