Թուրքիայում պայթեցրել են նոր կառուցվող մարտական հենակետը

Թուրքիայում սեպտեմբերի 19-ի երեկոյան պայթեցրել են զինված ուժերի ժանդարմերիայի նոր կառուցվող հենակետը։

Դեպքը եղել է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում հենակետի շինարարության ժամանակ, փոխանցում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

Անհայտ անձինք ինքնաշենք ռումբ են նետել շինհրապարակ։ Պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել, սակայն շինության արդեն կառուցված հատվածը զգալի վնասվել է։

Պայթյունից հետո հենակետի տարածք են տեղափոխվել մեծ թվով զինծառայողներ, և տարածքը վերցվել է վերահսկողության տակ։

Նշենք, որ Թուրքիայի Հաքքարի նահանգը բնակեցված է քրդերով։ Այստեղ բավական ակտիվ է նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), որը վերջերս հայտարարել էր մայիսին սկիզբ առած Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը դադարեցնելու, բայց և հրադադարի ռեժիմը պահպանելու մասին։

Վերջին շրջանում Դիարբեքիրի նահանգում բնակվող քրդերը բողոքի ալիք էին բարձրացրել տեղի գյուղերից մեկի մոտ թուրքական զինուժի հենակետի կառուցման դեմ։ Գյուղում բախումներ էին եղել իրավապահների հետ, որոնց ժամանակ նաև մարդ էր մահացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *