Միացյալ Նահանգներն ու Ֆիլիպինները համատեղ զորավարժություն են իրականացնում Հարավչինական ծովում՝ Չինաստանի հետ վիճելի տարածքի հարևանությամբ։
Ռազմածովային ուժերի վարժանքներին մասնակցում է 2300-ից ավել ամերիկացի և ֆիլիպինցի զինծառայող։ Զորավարժությունը տևելու է շուրջ երեք շաբաթ, որի ժամանակ լինելու են վարժանքներ ինչպես ծովում, այնպես էլ ափամերձ տարածքներում։ Վարժանքների հիմնական անկացման վայրը ֆիլիպինյան Սան Անտոնիոյի քաղաքի նավահանգիստն է, փոխանցում է Defense News ռազմական լրատվակայքը։
Զորավարժությունն ընթանում է Սքարբորոու կղզիախմբի մոտակա ջրային տարածքներում. այս կղզեխմբի պատկանելության հարցով Չինաստանն ու Ֆիլիպինները տարաձայնություններ ունեն։ Մանիլայի կողմից սեփական տարածքը համարվող կղզիախմբի նկատմամբ Չինաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Բացի այդ, տարածքի նկատմամբ հավակնություններ ունի նաև Թայվանը։
Ֆիլիպինները փորձում է ԱՄՆ հետ ռազմական դաշնակցության միջոցով հակազդել Չինաստանի տարածքային պահանջներին ոչ միայն այս կղզիախմբի, այլ նաև Հարավչինական ծովում մի շարք այլ վիճելի տարածքների հարցում։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրել է հոկտեմբերին այցելել Ֆիլիպիններ, որտեղ կարող են կնքվել ռազմական ոլորտին վերաբերող նոր ամերիկա-ֆիլիպինյան պայմանագրեր։