Թուրք-սաուդյան ռազմարդյունաբերական համագործակցության համաձայնագիրը մտավ ուժի մեջ

Թուրքիան և Սաուդյան Արաբիան վավերացրել են ռազմարդյունաբերական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թվականի սեպտեմբերի 13-ից, տեղեկացնում է Defense News ռազմական լրատվակայքը։

Համաձայնագիրը նախատեսում է երկու պետությունների ռազմարդյունաբերական ոլորտների միջև համագործակցության զարգացում, ռազմական նշանակության ապրանքների և ծառայությունների թողարկում ու իրականացում, փոխադարձ աջակցություն տեխնիկական և տրանսպորտային հարցերում։

Համաձայնագիրն ուժի մեջ է 5 տարի ժամկետով և հետագայում կարող է երկարացվել։ Կողմերն այն համաձայնեցրել էին դեռ գարնանը, և սպասում էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հաստատմանը, ինչը և եղել է։

2012 թվականին Թուրքիան և Սաուդյան Արաբիան համաձայնագիր էին կնքել նաև զինծառայողների համատեղ ուսուցում և վարժանքներ անցկացնելու համար։

Ներկայում Թուրքիան և Սաուդյան Արաբիան հանդիսանում են Բաշար Ասադի հակառակորդներին ակտիվորեն աջակցություն ցույց տվող պետությունների շարքում, սակայն Ռիադն ու Անկարան որոշակի տարաձայնություններ ունեն Եգիպտոսում իշխանափոխության հարցում. թուրքական կողմը Եգիպտոսի արդեն նախկին նախագահ, իսլամամետ քաղաքականություն վարող Մուհամեդ Մուրսիին է աջակցում, իսկ Սաուդյան Արաբիան օգնում է զինվորականների միջամտությամբ ստեղծված ժամանակավոր կառավարությանը։

Նշենք, որ ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, թե Սաուդյան Արաբիան հետաքրքրված է թուրքական արտադրության առաջին տանկով՝ «Ալթայով», սակայն սրա վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն կամ հստակ քայլ չի կատարվել։

Խոսվում է նաև Սաուդյան Արաբիայի՝ թուրքական «Կոբրա» զրահամեքենաների և պարեկային կատերների նկատմամբ հետաքրքրության մասին։

2 responses to “Թուրք-սաուդյան ռազմարդյունաբերական համագործակցության համաձայնագիրը մտավ ուժի մեջ

  1. Pingback: Թուրքական «Ասելսանը» համաձայնագիր է ստորագրել սաուդյան ընկերությունների հետ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմավարական համագործակցության խորհուրդ են հիմնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *