Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի ռազմական, քաղաքական ու մտավորական վերնախավն այցելել էր Տերտերի շրջանի առաջնագիծ, որտեղ ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն անդրադարձել է նաև դիպուկահարների թեմային։
«Ադրբեջանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դիպուկահարներին հեռացնել առաջնագծից։ Մենք դա չենք անի, մինչև պատերազմը չավարտվի»։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի վերջին Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության շրջանակներում գործող «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ն տեղեկացրել էր՝ դիպուկահարների դասընթացները մեկնարկում են:
ԵՊՀ-ում դասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց aysor.am–ի խնդրանքով անդրադարձավ Ադրբեջանի մամուլի խոսնակի հայտարարությանը։
«Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է մի այնպիսի քաղաքականություն, որ բանակցային գործընացի, տարբեր հանդիպումների ժամանակ լարվածություն է ստեղծում՝ դիպուկահարներ, դիվերոսիոն, հետախուզական խմբեր, որին, իհարկե, մենք համապատասխան պատասխան ենք տալիս»,- նշեց Օհանյանը։
Ըստ նախարարի՝ հայկական կողմը պատրաստ է հետ քաշել իր դիպուկահարներին։
«Մենք ասում ենք նորից` պատրաստ ենք անել այդ քայլն ու ստեղծել վստահության եզրեր: Մենք պատրաստ ենք հետ քաշել մեր դիպուկահարներին` ընդ որում առանց վախենալու: Մենք ի վիճակի ենք հակառակորդի ցանկացած կրակոցի դեպքում մեր հետ քաշված դիպուկահարներին մի քանի րոպեների ընթացքում դարձյալ հանել առաջին գիծ ու պատասխան հարված հասցնել: Այդ առումով մենք շարունակում ենք մնալ մեր տեսակետին, սա ոչ թե միակողմանի պարտադրանքի արդյունք է, այլ` ամենանորմալ քայլը, քանի որ առանց այս քայլի չենք կարող բանակցային գործընթացում փոխադարձ վստահության մթնոլորտում ունենալ երկխոսություն։ Իսկ ինչ վերաբերում է կանխարգելմանը կամ արժանի հակահարված տալուն, մենք այդ հարցում պրոբլեմ չունենք»,-վստահեցրեց Սեյրան Օհանյանը։