Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով համալսարանականները առաջիկայում հնարավորություն կունենան լինել մարտական դիրքերում ու ծանոթանալ դիրքապահների ծառայությանը։
Այս մասին նախարարն ասաց Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ։
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի համար մանրամասնեց, որ նախարարի առաջարկով «Մեկ օր զինվորի հետ» ծրագիրը արդեն վաղուց քննարկվում է տարբեր համալսարանների ու ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ։
Ծրագրով նախատեսված է, որ մասնակից երիտասարդները նախապատրաստական աշխատանքից հետո փոքր խմբերով լինելու են մարտական դիրքերում, ծանոթանան ծառայությանը, կատարեն ինժեներական ու տնտեսական աշխատանքներ ու նույնիսկ իրականացնեն մարտական ծառայության որոշ գործառույթներ։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով ծրագրին կարող են մասնակցել ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները՝ ըստ ցանկության։
Երևանի պետական համալսարանի ուսանողները՝ որպես առաջամարտիկներ, կտան ծրագրի մեկնարկը։ « Մեկ օր զինվորի հետ » ծրագիրը կլինի շարունակական, իսկ հետագայում նախատեսված է, որ ծրագիրը կվերածվի շարժման։